«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի առաջ, ով տառապում է «հաստ աղիքի» քաղցկեղով, հստակ պահանջ է դրել: Վերջինս հստակ պետք է որոշի. ցանկանո՞ւմ է վիրահատվել, թե` ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց  «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ վերջինս հունվարի 26-ից վիրահատվելու նպատակով տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: «Ասացի. «Դուք, վերջապես, որոշեցի՞ք վիրահատվել, թե` ոչ: Եթե ոչ, ապա դուք պետք է արդեն դուրս գրվեք, քանի որ կենտրոնը վիրաբուժական է: Այդտեղ էր նաեւ իր ներկայացուցիչը, որ ասաց, թե պետք է հանդիպի փաստաբանի հետ պարզելու համար, թե երբ է հաջորդ դատական նիստը  եւ նոր միայն պատասխան տան: Այդտեղ ներկա էին նաեւ անվտանգության աշխատակիցները: Հիմա խոստացել են, որ իրենք վաղը հստակ պատասխան կտան»,- նշեց Օնիկ Մելքոնյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակը ներկա պահին բավարար է: «Հարցը այստեղ այն է, որ նա ենթակա է վիրահատության, սակայն նա պետք է տա իր համաձայնությունը, որ կարողանանք վիրահատել»,- ավելացրեց Օնիկ Մելքոնյանը:

Մենք զրուցեցինք նաեւ Սերոբ Տեր-Պողոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանի հետ, ով ասաց, որ այս գործով առաջիկայում նախատեսված դատավարություն չկա: «Դատավարություն չկա, արդեն վերջացել է: Վերաքննիչ դատարանում վերջին դատավարությունը փետրվարի 3-ին էր»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին, Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նոյեմբերի 17-ին 15 տարվա ազատազրկման է դատապարտել մանկապղծության համար: Նշենք նաեւ, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» 70-ամյա սեփականատիրոջը մեղադրում են մեկ տասնյակից ավելի անչափահասների բռնությամբ սեռական հարաբերություններին հարկադրելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 139 հոդվածի 3-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները): Դատական նիստերն ընթացել են դռնփակ, իսկ հոկտեմբերի 28-ին կայացած նիստում մեղադրողներ Արամ Ամիրզադյանն ու Հովսեփ Սարգսյանը դատարանից խնդրել էին Սերոբ Տեր-Պողոսյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման: 15 տարին տվյալ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժն է: