80 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի ավագ որդին՝ պահպանողական մեկնաբան Մայքլ Ռեյգանը: Այս մասին հայտնում է NBC News-ը։

Ռոնալդ Ռեյգանի նախագահական հիմնադրամն ու ինստիտուտը երեքշաբթի օրը X սոցիալական ցանցում հայտնել են նրա մահվան մասին՝ նրան անվանելով «իր հոր ժառանգության անսասան պահապան»:

«Մայքլ Ռեյգանը համոզմունքներով, նպատակասլացությամբ և նախագահ Ռեյգանի գաղափարներին անդավաճան նվիրումով լի կյանք է ապրել», - նշել են հիմնադրամում: Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։

Ռեյգանը Newsmax պահպանողական հեռուստաընկերության աշխատակից էր և հայտնի էր իր «Մայքլ Ռեյգանի շոու» ռադիոհաղորդմամբ: Ռեյգանը ծնվել է 1945 թվականին Իրեն Ֆլաուգերի ընտանիքում և ծնվելուց ընդամենը ժամեր անց որդեգրվել է Ռոնալդ Ռեյգանի և նրա այն ժամանակվա կնոջ՝ դերասանուհի Ջեյն Ուայմանի կողմից:

Կրտսեր Ռեյգանը գնացել է իր ծնողների հետքերով։ Արիզոնայի նահանգային համալսարանում և Լոս Անջելեսի հովտի քոլեջում (Los Angeles Valley College) սովորելուց հետո Ռեյգանը զբաղվել է դերասանական արվեստով՝ խաղալով հեռուստատեսային նախագծերում, այդ թվում՝ «Ֆալկոն Քրեսթ» սերիալում։ Նա նաև շուրջ երկու տասնամյակ եղել է որպես պահպանողական ռադիոհաղորդավար՝ վերլուծելով քաղաքականությունն ու մշակույթը։

Իր երկու ինքնակենսագրական գրքերում, որոնք վերնագրված են «Հայացք կողքից» և «Կրկնակի որդեգրվածը», նա պատմել է դժվար մանկության մասին, որն իր մեջ ներառում էր որդեգրման փաստի հետ հաշտվելը և հավատքի ուղին:

Ռեյգանը հեղինակել է ևս մի քանի գրքեր, այդ թվում՝ 2016 թվականին հրատարակված «Դասերը, որոնք ինձ սովորեցրել է հայրս» աշխատությունը, որտեղ նա մանրամասն նկարագրել է մանկության տարիներին իր նախագահ հորից ստացած դասերը: Իր ողջ կյանքի ընթացքում Ռեյգանը գումարներ է հավաքագրել և աշխատել բարեգործության ոլորտում:

Ռեյգանն ընդգրկված է եղել «Խառը արմատներ» հիմնադրամի խորհրդատվական մարմնում, որն ԱՄՆ-ում և ողջ աշխարհում զբաղվում է խնամակալության և որդեգրման հարցերով: Նա երեք տարի շարունակ գլխավորել է Ալցհայմերի հիվանդության դեմ պայքարի Ջոն Դուգլաս Ֆրենչի հիմնադրամի խորհուրդը՝ աշխատելով այն նույն հիվանդության ուղղությամբ, որից 2004 թվականին մահացել էր իր հայրը: Որպես «Ռեյգանի ժառանգություն» հիմնադրամի նախագահ և խորհրդի ղեկավար՝ նա պաշտպանել է իր հոր թողած ժառանգությունը:

Մայքլ Ռեյգանն ամուսնացած է եղել երկու անգամ և ունի երկու երեխա: