Հայաստանի կառավարությունն առաջարկում է պարզեցնել հայ գործարարների համար փաստաթղթավորման գործընթացը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ անդամ այլ երկրների տարածք ապրանքների վաճառքի հաշվառումը։ Այս մասին հունվարի 14-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը։
Պաշտոնյան նշել է, որ այս նախաձեռնությունը վերաբերում է ԱԱՀ-ի (Ավելացված արժեքի հարկ) հաշվարկների և վճարումների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կանոններին, ինչպես նաև ապրանքների վաճառքի, գործարքների և այլ գործառնությունների փաստաթղթավորմանը, որոնք իրականացվում են ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ երկրներում՝ էլեկտրոնային հարթակների միջոցով։
Մասնավորապես, առաջարկվում է հստակեցնել գործող օրենսդրությամբ սահմանված հասկացությունը՝ ԵԱՏՄ հարթակներում էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձանց կողմից իրացվող ապրանքների վերաբերյալ, հստակեցնել էլեկտրոնային առևտրի շրջանակներում այս կամ այն ապրանքի մատակարարման վայրի որոշմանը վերաբերող դրույթները, փոխարժեքը (հարթակների օպերատորների համար) և այլն։
Սահակյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը կհամարվի ապրանքի մատակարարման վայր միայն այն դեպքում, եթե էլեկտրոնային հարթակի միջոցով վաճառվող ապրանքը ֆիզիկական անձին առաքվի ՀՀ տարածքում։ Հավելելով, որ դրա հետ կապված կառաջանա ԱԱՀ վճարելու պարտավորություն, որի կատարման պահն այսուհետ կհամարվի վճարային տարվա վերջին օրը։ Մինչդեռ գործող օրենսդրության համաձայն՝ վճարումները պետք է կատարվեն եռամսյակային կտրվածքով։
Որոշակի քննարկումներից հետո այս օրենսդրական նախաձեռնությունը դրական արձագանք է ստացել մշտական խորհրդարանական հանձնաժողովի կողմից։





























