Հայաստանի իշխանությունները երկընտրանքի առաջ են՝ կեղծել ընտրությունները, թե` ոչ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լիբերալ կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը։ Նրա կարծիքով՝ եթե իշխանությունները նորից փորձեն կեղծել ընտրությունները, ապա հասարակությունը կընդվզի։ Բայց մյուս կողմից, ըստ նրա, իշխանությունը պարզ գիտակցում է, որ եթե գնան պարզ, թափանցիկ ընտրությունների, կկորցնեն իրենց քաղաքական մեծամասնությունը եւ իշխանությունը։
«Մայիսի խորհրդարանական ընտրությունները շատ կարեւոր են մեր երկրի ապագայի համար։ Ի վերջո, պետք է Հայաստանում գոնե մեկ անգամ քիչ թե շատ թափանցիկ ընտրություն լինի։ Պարզ է, որ այսպես հնարավոր չէ շարունակել, մինչեւ անգամ իշխանություններն են սկսել ընկալել, որ այսպես շարունակել չի լինի»,- ասաց նա։
Անձամբ Հովհաննես Հովհաննիսյանը չի հավատում թափանցիկ ընտրությունների անցկացմանը, քանի որ, ըստ նրա, իշխանությունը դա անելու ոչ ցանկություն, ոչ էլ հնարավորություն ունի։
Ասուլիսի մյուս բանախոսը՝ ԱԺ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավորց Հակոբ Հակոբյանը նշեց, որ իշխանությունները չունեն երկընտրանքի խնդիր, նրանք արդեն ընտրել են եւ ընտրությունները պետք է լինեն արդար եւ թափանցիկ։ Նա եւս փաստեց, որ մենք ընտրական համակարգի, ընտրության կազմակերպման թերություններ ունենք, բայց մյուս կողմից հավաստեց, որ իշխանությունը ժողովուրդն է, եւ ժողովուրդն է կարողանում իր քվեների միջոցով ձեւավորել իշխանություն։։
ՀԱԿ անդամը նշեց, որ չի կարող ասել, որ ընտրություններին Հանրապետականը ձայն չունի, բայց այդ կուսակցությունը վաղուց կորցրել է քաղաքական մեծամասնություն դառնալու հնարավորությունը։ »Դուք չեք կարող հավերժ լինել իշխանության։ Ժողովուրդը ձեզ չի սիրում»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։ Իսկ Հակոբ Հակոբյանը հակադարձեց, որ ժողովուրդը իրենց սիրում է:
«Պարոն Հակոբյան, շատ սիրուն եք, գիտեմ, բայց չի կարող որեւէ քաղաքական կուսակցություն հավերժ մնա իշխանության: Հետո էլ ձեր տղաներին եք բերում»,- արձագանքեց Հովհաննես Հովհաննիսյանը:




























