Հայաստանի կառավարության 2009թ. սեպտեմբերի 17-ի 1052 որոշմամբ, Մեղրու Կարո Մեժլումյանի անվան հիվանդանոցը փակում են։ Հիվանդանոցի ինֆեկցիոն, մանկաբարձական եւ վիրահատության բաժանմունքները միացնում են Ագարակի հիվանդանոցին, իսկ թերապեւտիկ եւ մանկական բաժինները՝ տեղափոխում Մեղրու պոլիկլինիկա։ Ազատված մասնաշենքը՝ 3000 քառ.մետր մակերեսով, հանձնվելու է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը։
5000-ից ավելի բնակչություն ունեցող քաղաքի միակ հիվանդանոցի փակումը առաջացրել է մեղրեցիների բողոքը։
«Մենք երկու շունչ ենք, ես եւ ամուսինս։ Ես երկրորդ կարգի հաշմանդամ եմ, ամուսինս՝ 1-ին աստիճանի ծանր հիվանդ, որին ստացիոնար բուժում է պետք։ Եթե հիվանդանոցը փակեն, ես օրվա ընթացքում գոնե մեկ անգամ Մեղրիից պետք է Ագարակ գնամ՝ նրան սնունդ տանելու համար։ Մենք գոյատեւում ենք մեր աղքատիկ թոշակով։ Ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ եմ արդյոք 1500 դրամ տաքսու փող տալ Ագարակ հասնելու համար» — NEWS.am-ի թղթակցին պատմեց մեղրիաբնակ 70-ամյա Սվետլանա Գրիգորյանը։
Մեղրու պոլիկլինիկայի աշխատակից, լաբորանտ Աշխեն Մանուկյանը անթույլատրելի է համարում հիվանդանոցի փակումը. «Վերեւից ոսկու հանքավայրն է, ներքեւից՝ մոլիբդենինը: Ասում են, որ նավթամշակման կայան էլ է բացվելու, պատերազմական-սահմանային գոտի ենք: Մի՞թե կարելի է հիվանդանոց փակել մի քանի հոգու քմահաճույքի պատճառով, եւ հետո՝ այսօր ես 13 հազար դրամ փող եմ ստանում, որ փակեն՝ իմ հարսը ո՞նց գնա հասնի Ագարակ ծննդաբերելու համար, որ ես էլ կարողանամ նրան „պերեդաչա“ տանեմ»:
Իսկ Սաթիկ Հարությունյանն էլ իր հերթին նշեց, որ փակելու փոխարեն դեռ մի նոր, երկրորդ հիվանդանոց պետք է կառուցեն. «Պետք է լինի երկու հիվանդանոց, քանի որ Մեղրին գտնվում է եռակողմ սահմանի վրա, աբսուրդ է պահել մի հիվանդանոց, այն էլ ամենասահմանային կետում, վաշտի կողքին, Աստված ոչ անի՝ պատերազմական գործողություններ լինեն…»:
Սվետլանա Գրիգորյանը դիմում է գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ Ազգային ժողովի նախագահին՝ խնդրելով «թույլ չտալ անհարկի սեփականաշնորհման նպատակով հիվանդանոցի օտարումը»: Դիմումին պատասխանել են ոչ թե խորհրդարանից, այլ Սյունիքի մարզպետարանից։
Պատասխանում մասնավորապես ասվում է, որ, հաշվի առնելով ազգաբնակչության քանակը, Մեղրու տարածաշրջանում մեկ հիվանդանոցն էլ կբավականացներ, սակայն նկատի ունենալով քաղաքի նաեւ ռազմավարական նշանակությունը՝ իբրեւ սահմանամերձ գոտի, եւ աշխարհագրական առումով կտրվածությունն ու տրանսպորտային հաղորդակցության հետ կապված դժվարությունները, որոշել են, որ երկու քաղաքներում էլ կգործեն ստացիոնար ծառայություններ։
«Մատուցվող բժշկական ծառայությունների արդյունավետությունը եւ որակը ապահովելու նպատակով Մեղրու պոլիկլինիկայում կծավալվեն թերապեւտիկ եւ մանկական ծառայություններ, իսկ Ագարակի հիվանդանոցում վիրաբուժական, մանկաբարձական եւ ինֆեկցիոն ծառայություններ»,- գրված է պատասխանում։
Մեղրիում ընդդեմ կառավարության որոշման՝ 2000-ից ավելի ստորագրություն է հավաքվել: Բնակիչները նոյեմբերի 17-ին ցանկանում էին հանրահավաք կազմակերպել, սակայն, ինչպես նախաձեռնող խմբի անդամ Սվետլանա Գրիգորյանն ասաց, քաղաքապետը չի թողել։
«Մարզպետը քաղաքապետին կանչել էր Կապան եւ, կարծում եմ, որ մարզպետի հոգնան լավ ազդել է քաղաքապետի վրա»,- ասաց տիկին Սվետլանան։
Նա նաեւ պատմեց, որ միտինգի կայացման նույն օրը քաղաքապետը իր մոտ է կանչել նախաձեռնող խմբի անդամներին եւ հաղորդել, թե մարզպետն ասել է. «թող ոչ մեկը ցույցի դուրս չգա, բոլոր հարցեր կկարգավորեմ»: Նախաձեռնող խմբի անդամի խոսքով՝ ոչ մի բան էլ դեռ չի կարգավորվել։
Հիվանդանոցի փակման առթիվ Մեղրիում տարբեր շշուկներ կան։ Լուրերը, թե հիվանդանոցն ուզում է սեփականաշնորհել Գագիկ Ծառուկյանը, ինպես պարզվեց ստահոդ են։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա հերքել է այդ փաստը։
Մեղրեցիներից շատերն ասում են, որ հիվանդանոցի տարածքը ուզում է սեփականաշնորհել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւ այն հյուրանոց դարձնել։
Նշենք, որ Մեղրու հիվանդանոցը բացի քաղաքի բնակչությունից, սպասարկում է նաեւ շրջանի ինը գյուղերին։
Մեղրու քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը չցանկացավ պատասխանել մեր հարցերին, միայն նշեց. «Ես ի պաշտոնե կառավարության որոշման հակառակ ոչ մի տեղեկատվություն չեմ կարող տալ։ Կլինի այնպես, ինչպես կառավարությունը կորոշի»:



























