Լոռիի մարզում մինչ օրս վատ վիճակում է մարզի ջրամատակարարման համակարգի խողովակաշարերի վիճակը, որոնք կառուցվել են 30-40 տարի առաջ  ու այսքան տարի որեւէ վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել: Ամբողջ ցանցի հուսալիության աստիճանը դարձել է անթույլատրելի, ջրի կորուստներն անցնում են 55 %-ից, իսկ կոյուղու համակարգում հաճախակի են դարձել խցանումները, որի հետեւանքով բնակավայրերի սանիտարահիգիենիկ վիճակը պարբերաբար դառնում է վտանգավոր:

Մարզի 57 համայնքներում ջրամատակարարումը իրականացնում են «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Հյուսիս-Արեւելյան» տարածքային մասնաճյուղի, «Ալավերդի» եւ «Սպիտակ» տեղամասերի ու «Ստեփանավան», «Տաշիր» ենթատեղամասերի միջոցով:

«Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունը ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայություններ է մատուցում Վանաձոր քաղաքում եւ մարզի 16 գյուղական համայնքներում: Ունի 26 հազար 172 ջուր օգտագործող բաժանորդ:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում «Լոռի Ջմուղկոյուղի» ընկերության տնօրեն Հարություն Անտոնյանն ասաց, որ միայն իրենց սպասարկման տարածքում հին խողովակաշարերով  ջրամատակարարում ստանում է սպասակվող տարածքի շուրջ 60 տոկոսը, ինչը սակայն ջրի որակի հետ կապված խնդիրներ չի առաջացնում: «Ջրի որակն ամեն օր ստուգվում է, ահազանգեր լինում են, գնում, նմուշառում ենք անում, սակայն նորմայից շեղումներ չեն նկատվում»:

Հարություն Անտոնյանի խոսքով, Լոռիի մարզում Հայ-Գերմանական համագործակցության շրջանակներում KFW բանկի ֆինանսավորմամբ իրականացվում է մարզի բնակավայրերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման, վերակառուցման, զարգացման, բնակավայրերի գոտիավորման ու խմելու ջրի արդյունավետ բաշխման եւ հաշվառման խնդիրների, ինչպես նաեւ կառավարման արդյունավետ մեխանիզմների ներդրման աշխատանքներ, որն ըստ նրա, կնպաստի ոչ միայն ջրամատակարարման գրաֆիկի ավելացմանը, այլ նաեւ հին ու մաշված խողովակաշարերի նորերով փոխարինմանը:

«Ձմռան պատճառով այս պահին աշխատանքները դադարեցված են, քանի որ եթե ջուրը փակենք, խողովակները ամբողջությամբ կսառեն ու քաղաքը կզրկվի ջրից, օրերը տաքանալուն պես նորից սկսելու ենք լայնամասշտաբ աշխատանքներ իրականացնել»,-ասաց նա: