Մինեապոլիսի ոստիկանապետի առաջարկությամբ և զգուշավորության նպատակով Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը պաշտոնապես դիմել է Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցին՝ խնդրելով, որ Մինեսոտայի ազգային գվարդիան օգնի ուժեղացնել տեղական իրավապահ մարմինները Մինեապոլիսում, հայտնում է ԱՄՆ Մինեսոտա նահանգի վարչակազմը։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ տեղական իրավապահ մարմինների ռեսուրսները խիստ սահմանափակված են՝ հանրային անվտանգության խախտման պատճառով, որը պայմանավորված է նահանգի շրջաններում դաշնային հազարավոր ներգաղթի գործակալների գործողություններով։

Մինեսոտայի գվարդիայի աշխատակիցները պատրաստ կլինեն օգնել տեղական ոստիկանությանը և արտակարգ ծառայությունների աշխատակիցներին՝ ապահովելու հանրային անվտանգությունը 26-րդ փողոցի և Նիկոլետ պողոտայի խաչմերուկում, որտեղ դաշնային գործակալները շաբաթ առավոտյան սպանել էին Մինեապոլիսի բնակչի, ինչպես նաև այլ տեղերում՝ ըստ անհրաժեշտության։

Մինեսոտայի գվարդիայի աշխատակիցները կրելու են նեոնային արտացոլող բաճկոններ, որոնք կօգնեն տարբերել նրանց այլ կառույցների համանման համազգեստից, և նրանք մշտապես լինելու են սերտ կապի մեջ Մինեապոլիսի ոստիկանության աշխատակիցների հետ, որոնց աջակցում են։

Նահանգապետի վարչակազմից նշել են, որ Մինեսոտայի գվարդիայի տեղակայումը իրականացվում է տեղական իշխանությունների խնդրանքով։
Ոստիկանությունը հանրային անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես մեքենաների արգելապատնեշ է տեղադրել դեպքի վայրի մոտ։

«Մենք խնդրում ենք բոլորին, ովքեր ներկայումս հավաքվում են այդ տարածքում, լքել այն՝ հանրային անվտանգությունը ապահովելու համար։ Եթե քաղաքային իշխանությունները տեսնեն, որ հավաքվում են նյութեր բարիկադների կամ հրկիզումների համար, այդ նյութերը կհեռացվեն, իսկ ցանկացած հրդեհ կմարվի», նշվում է նահանգապետի վարչակազմի հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 37-ամյա բուժեղբայր Ալեքս Պրետին սպանվել է դաշնային գործակալների ձեռքով։

ԱՄՆ վարչակազմը պաշտպանել է Ներգաղթի և մաքսային ոստիկանությանը (ICE)՝ հայտարարելով, որ կրակոցը տեղի է ունեցել ինքնապաշտպանության նպատակով և Պրետին զինված է եղել։ Սակայն ականատեսները պնդում են, որ կրակոցի պահին Պրետին անզեն է եղել և մահվանից առաջ դաժանորեն ծեծվել է դաշնային գործակալների կողմից։