Մեքսիկայի անվտանգության ուժերը ձերբակալել են Թեքիլայի (Խալիսկո նահանգ) քաղաքապետ Դիեգո Ռիվերա Նավարոյին, ինչպես նաեւ երեք տեղական պաշտոնյաների։ Այս մասին տեղեկացրել է երկրի հասարակական անվտանգության եւ քաղաքացիների պաշտպանության նախարար Օմար Գարսիա Հարֆուշը։

«Թեքիլայի քաղաքապետ Դիեգո «Ն»-ն ձերբակալվել է Խալիսկո նահանգում։ Ձերբակալվել են նաեւ քաղաքի եւս երեք պաշտոնյաներ՝ հասարակական անվտանգության տնօրենը, կադաստրային ծառայության տնօրենը եւ հասարակական աշխատանքների տնօրենը»,- գրել է Գարսիա Հարֆուշը X-ում։

Նախարարը պարզաբանել է, որ ձերբակալությունները կատարվել են որպես ավելի լայնածավալ «Պարս» (Enjambre) գործողության շարունակություն, որի շրջանակում ավելի վաղ ձերբակալվել էին Մեխիկոյի նահանգի երեք համայնքների ղեկավարներ։ Գործողությունը համատեղ իրականացվել է բանակի, նավատորմի, գլխավոր դատախազի գրասենյակի եւ Ազգային հետախուզական կենտրոնի կողմից։

Գարսիա Հարֆուշի խոսքով՝ իշխանությունների գործողություններն իրականացվում են նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հաստատած «Շորթման եւ կոռուպցիայի դեմ պայքարի ազգային ռազմավարության» շրջանակում։

Ըստ Milenio պարբերականի՝ քննիչները կարծում են, որ քաղաքապետը կարող է ներգրավված լինել նահանգում գարեջրի եւ թեքիլայի արտադրողների դեմ շորթման սխեմայում։ Նա նաեւ կասկածվում է «Խալիսկոյի նոր սերունդ» թմրակարտելի հետ կապերի մեջ։