Այսօր՝ փետրվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 62-ամյա Ավետիս Ք.-ն իր վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով Պտղունք գյուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, անցել հետիոտնի մայթով և կիսակողաշրջված վիճակում հայտնվել հողաթմբի մոտ, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդը և 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, ապա Էջմիածնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վարորդին տեղափոխել է հիվանդանոց, ով սակայն ճանապարհին մահացել է։

Իսկ ուղևորներից մեկը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, մյուսին էլ հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդի ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է և հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, իսկ ուղևորները եղել են նրա թոռնիկները։