Երկու բան կուզեի առանձնացնել մեր ծաղկաձորյան հանդիպումից. մեկը՝ անշուշտ, երկու կողմերն էլ ազատորեն քննարկել են իրենց հուզող հումանիտար հարցերը. մեր դեպքում դա իհարկե գերիների հարցն էր: Այդ մասին, այսօր՝ փետրվարի 16–ին, ասուլիսի ժամանակ ասաց Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակից Նաիրա Սուլթանյանը:
«Նորից եմ ուզում շեշտել, որ այս խումբը չունի իրավազորություն՝ որևէ կերպ ազդելու գործընթացների վրա, բայց ունի հանրային կարծիք ձևավորելու հնարավորություն, ուստի մենք հերթական անգամ փորձել ենք մեր ադրբեջանցի գործընկերներին բացատրել՝ ինչու ներկայիս խաղաղության գործընթացների տրամաբանության մեջ չի տեղավորվում գերիների առկայությունը Բաքվում: Իրենք էլ իրենց կողմից են հումանիտար հարցեր բարձրացրել՝ ականապատ [տարածքների] քարտեզները, 90-ականների պատերազմի ժամանակ անհայտ կորած ադրբեջանցիների հանգամանքը, և մենք էլ, որքանով հասկանում եք, հստակ պատասխաններ չունենք, բայց փոխադարձ փորձում ենք հասկանալ և որոշ ինֆորմացիա ճշտել»,- նշեց Սուլթանյանը:
Նա ընդգծեց, որ երկու հասարակությունների համար էլ գործընթացը շատ արագ է ընթանում, և մարդիկ երկու կողմում էլ դժվարանում են մարսել այդ գործընթացները: «Երկու կողմերն էլ բողոքում են, որ չեն հասցնում քաղաքական պրոցեսների հետևից: Բայց մենք նշում էինք, որ սովորաբար պատմության մեջ հակառակն է լինում՝ երբ որ հանրությունները պատրաստ են, բայց քաղաքական պրոցեսներն են ծանր ընթանում. հիմա մենք ունենք հնարավորությունը հավասար, եթե ոչ արագ անցնել առաջ»,- ասաց Նաիրա Սուլթանյանը:
Իր հերթին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամ Նարեկ Մինասյանը նշեց, որ Հայաստանի օկուպացված տարածքների հարցը միանշանակ բարձրաձայնվել է քննարկումների ժամանակ. «Կա երկկողմ փոխըմբռնում, որ խնդիրը պետք է կարգավորվի սահմանազատման գործընթացի համատեքստում: Ասեմ ավելին, առաջիկայում նախատեսվում է նաև երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպում:
Հաշվի առնելով, որ նախորդն Ադրբեջանի տարածքում էր տեղի ունեցել, ամենայն հավանականությամբ, այս անգամ Հայաստանի տարածքում տեղի կունենա»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարի 13–14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Հայաստանում անցկացվել է երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։




























