Երեկ մեր պետության շատ կարևոր պաշտոն զբաղեցնող մեկը ասեց, որ 4-5 մանկապիղծ հոգևորական կա մեր եկեղեցում։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Սրբազան պայքար»-ի անդամ Լիդյա Մանթաշյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիոնյանի՝«Дождь»-ին տված հարցազրույցում  հայ հոգևորականների մասին արած հայտարարությանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ես՝ որպես ՀՀ քաղաքացի խնդրում եմ, որ դա ընդունեք որպես հանցագործության մասին հաղորդում։

Եթե նման հանցագործության մասին ինֆորմացիա ունեն և իշխանությունն էլ իրենց ձեռքում է, ինչո՞ւ չեն այդ մարդիկ ազատազրկված՝ լինեն հոգևորական, բժիշկ, թե բանվոր։

Եթե այդ ինֆորմացիան չհաստատվի, ուրեմն Ալեն Սիմոնյանի նկատմամբ գործ հարուցեք զրպարտության հոդվածով։

Ուրեմն, պետական պաշտոն զբաղեցնողը կարող է մեր ամբողջ ազգին, եկեղեցուն խայտառակ անի օտար պետության առաջ ու մնա անպատի՞ժ։

Այո, կարող է, երբ նեռն է ղեկավարում պետությունը»։

Ընդ որում, Ալեն Սիմոնյանն սոցանցի իր էջում արձագանքել է իր հայտարարության հետ կապված քննադատություններին՝ նշելով. «Երեկ հարցազրույցս հրապարակվեց ռուսական ընդդիմադիր «Դոժդ» ալիքին, և 30 րոպեանոց խոսքիս մեջ ինչ ասես որ չեմ ասում ընդդիմադիրներին, ինչ գնահատական ասես չեմ տալիս, առավոտյան արթնացել եմ` տեսնեմ` միակ հակադարձումն այն է, որ իբր ասել եմ, թե մանկապիղծ են որոշ եկեղեցականներ: Լավ է, որ մնացած ասածներս նույնիսկ ընդդիմադիրների մոտ վեճ չառաջացրեց, լուռ համաձայնվեցին։ Բայց նաև չի կարելի այդքան անգրագետ լինել. ես հիմա ռուսերենի դասեր չեմ տալու՝ բնական է, բայց ինչ եմ առաջարկում:

Տարբերակ՝ա) ընդունեք, որ դուք անգրագետ եք և լռեք,
բ) դիմեք դատարան զրպարտության համար:

Գանձ եք, է՜, գանձ, ուղղակի՝ չկրթված ))

ԺԴՈւ»։

Նշենք, որ Հայցազրույցում լրագրողը հարցրել է եկեղեցու դեմ իշխանությունների պայքարի մասին, ինչին Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Եթե որևէ երկրում պարզվի, որ եկեղեցում բարձր պաշտոն զբաղեցնող X անձը մանկապիղծ է, և իրավապահ մարմինները արձագանքեն դրան, կամ որևէ քաղաքական գործիչ հանդես գա մանկապղծության քննադատությամբ, կարո՞ղ է սա համարվել եկեղեցու վրա հարձակում։

Չի կարելի թաքնվել այս սև փարաջայի տակ և մտածել, որ դա ինդուլգենցիա է, և կարելի է անել այն, ինչ ուզում ես։ Իսկ երբ քո հետևից գան, դու կասես, որ դա հարձակում է»։

Հարցին՝ իսկ ո՞ւմ նկատի ունեք, նա արձագանքել է. «Կան 4-5 մարդ՝ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչներ, որոնք թաղված են այդպիսի իրավիճակներում (которые погрязли в таких ситуациях)»։