Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են 11 ֆուտբոլային ակումբների 32 ներկա եւ նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Պրեմիեր լիգայում հանդես եկողների, անօրինական խաղադրույքների հետաքննության շրջանակում, տեղեկացրել է NTV հեռուստաալիքը։
Գործողություններն իրականացվել են ուրբաթ առավոտյան երկրի 10 նահանգներում։ Ձերբակալվել են «Ադանա Դեմիրսպորի», «Անթալիասպորի» եւ «Ալանիասփորի» ներկայացուցիչները։
Ավելի վաղ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան (TFF) բացահայտել էր պրոֆեսիոնալ ակումբների 212 պաշտոնյաների, որոնք վերջին հինգ տարիների ընթացքում զբաղվել են անօրինական խաղադրույքներով։ Նրանց թվում էին 108 մարզիչներ եւ ակումբների 104 մենեջերներ։
Ֆեդերացիան նաեւ ութ ամսից մինչեւ մեկ տարի ժամկետով որակազրկել է 149 պրոֆեսիոնալ մրցավարների, այն բանից հետո, երբ պարզվել է, որ նրանք խաղադրույքների հաշիվներ ունեն, այդ թվում՝ արտասահմանում պահվող։ Գործում ներգրավված է ընդհանուր առմամբ 571 գործող մրցավար, որոնցից 371-ը հաշիվներ ունեն բուկմեյքերների մոտ։ Նշվել է նաեւ, որ խաղադրույքների հետաքննության շրջանակում TFF կարգապահական խորհրդի առջեւ կհայտնվի ավելի քան հազար ֆուտբոլիստ։ Թուրքիայի նոր արդարադատության նախարարը՝ նախկինում Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքը, հայտնել է, որ մի քանի թուրքական ֆուտբոլային ակումբների ղեկավարներ կարող են ձերբակալվել հետաքննության շրջանակում, որը տեղի իշխանություններն անցկացնում են Ինտերպոլի եւ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության հետ համատեղ։





























