Կիրակի վաղ առավոտյան Օսլոյում ԱՄՆ դեսպանատան տարածքում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, որը փոքր վնասներ է պատճառել, սակայն վիրավորներ չկան, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Նորվեգիայի ոստիկանությանը։

Ականատեսների խոսքով՝ պայթյունը լսվել է Օսլոյի արևմտյան մասում գտնվող դեսպանատան տարածքում՝ մոտավորապես ժամը 1:00-ին (00:00 GMT), և տարածքից ծուխ է բարձրացել։

Օսլոյի ոստիկանությունը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել հյուպատոսական բաժնի մուտքի մոտ։ Ավելի ուշ դեպքի վայրում նկատվել են սպիտակ համազգեստով երկու ոստիկաններ։

Ոստիկանության տվյալներով՝ տարածքում այլ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։

«Դեպքի վայրում քննչական գործողություններ են իրականացվել շների, անօդաչու թռչող սարքերի և ուղղաթիռի միջոցով՝ մեկ կամ մի քանի հավանական հանցագործներ փնտրելու համար», - ասվում է Օսլոյի ոստիկանության դեպարտամենտի հայտարարության մեջ։