Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված եւ փետրվարի 13-ին «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում վիրահատված ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանը չի տեղափոխվի Կանադա` այնտեղ ապաքինումը շարունակելու: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց Սերոբ Տեր-Պողոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը` հավելելով, որ եթե այդպիսի բան լիներ, ինքը` որպես նրա պաշտպան կիմանար, մինչդեռ այդ մասին տեղեկացել է լրատվամիջոցներից:

Նա նշեց, որ դրա վերաբերյալ խոսակցություններ եւ ծրագրեր չկան, դա այդքան էլ հեշտ բան չէ, «քիչ հավանական է, եթե ոչ` անհավանական»: «Նույնիսկ մարդուն հիվանդանոց տեղափոխելու համար բավականին ժամանակ է անհրաժեշտ, մինչեւ թույլտվություն ես ստանում, համապատասխան մարմիններին ես դիմում, ներկա են լինում, շաբաթներ, ամիսներ է տեւում: Կանադա տեղափոխելն ընդհանրապես ավելի բարդ գործընթաց է, մեկ օրվա բան չէ»,- ասաց նա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը նշեց, որ Սերոբ Տեր-Պողոսյանի վիճակը բավարար է եւ համապատասխանում է հետվիրահատական երրորդ օրվա վիճակին: Նա  նշեց, որ Սերոբ Տեր-Պողոսյանը այժմ հիվանդասենյակում է, իսկ հիվանդանոցից դուրս կգրվի մոտ 10 օրից:

Ինչ վերաբերում է Կանադա տեղափոխելուն եւ այնտեղ ապաքինվելուն, բժիշկը նշեց, որ այդ մասին տեղյակ չէ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին, Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նոյեմբերի 17-ին 15 տարվա ազատազրկման է դատապարտել մանկապղծության համար: Նշենք նաեւ, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» 70-ամյա սեփականատիրոջը մեղադրում են մեկ տասնյակից ավելի անչափահասների բռնությամբ սեռական հարաբերություններին հարկադրելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 139 հոդվածի 3-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները): Դատական նիստերն ընթացել են դռնփակ, իսկ հոկտեմբերի 28-ին կայացած նիստում մեղադրողներ Արամ Ամիրզադյանն ու Հովսեփ Սարգսյանը դատարանից խնդրել էին Սերոբ Տեր-Պողոսյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման: 15 տարին տվյալ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժն է:

Դրանից հետո մանկապիղծը հունվարի 26-ից վիրահատվելու նպատակով ՔԿՀ-ից տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: Սերոբ Տեր-Պողոսյանը ցանկանում էր մասնակցել Վերաքննիչ դատարան ներկայացված իր բողոքի քննության շրջանակներում կայանալիք նիստին, որից հետո միայն վիրահատվել: Դատարանը մերժել է նրա բողոքը եւ անփոփոխ թողել Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը: Փաստաբանը նշեց, որ այժմ իրենք պատրաստում են Վճռաբեկ դատարանին բողոքը ներկայացնել

Նշենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանը երկու տարի առաջ ԱՄՆ-ում վիրահատվել էր հաստ աղիքի ուռուցքի հետ կապված, սակայն նույն հատվածում նորից գոյացություն էր առաջացել: Այս անգամ եւս Հայաստանում  նրան վիրահատել են` հաստ աղիքի չարորակ  ուռուցքը ունենալու կապակցությամբ: