Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին փետրվարի 13-ին «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում վիրահատել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը: Նրա խոսքով` վիրահատությունը կատարվել է բարձր մակարդակով եւ այն ավարտվել է շատ նորմալ: Այժմ Սերոբ Տեր-Պողոսյանի վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում: Օնիկ Մելքոնյանը նշեց, որ վիրահատությունը տեւել է 2,5-3 ժամ, ընթացքում բարդություններ չեն առաջացել, հիվանդի գիտակցությունը վերականգնվել է, սկզբից նա գտնվում էր արհեստական շնչառության ներքո, սակայն հետո անցել է ինքնուրույն շնչառության:
Նշենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանը երկու տարի առաջ ԱՄՆ-ում վիրահատվել էր հաստ աղիքի ուռուցքի հետ կապված, սակայն նույն հատվածում նորից գոյացություն էր առաջացել: «Վիրահատել ենք հաստ աղիքի ուռուցքը բերանակցման շրջանում, այնտեղ, որտեղ ուռուցքը հեռացրել էին, աղիքները միացրել էին»,- ասաց Օնիկ Մելքոնյանը:
Սերոբ Տեր-Պողոյանը առայժմ վերակենդանացման բաժանմունքում է, այսօր նրան կտեղափոխեն պալատ: Օնիկ Մելքոնյանի խոսքով` սովորաբար այդպիսի հիվանդներին պահում են 10-12 օր, եւ եթե Սերոբ Տեր-Պողոսյանի դեպքում բարդություններ չառաջանան, ապա այդքան ժամանակից դուրս կգրեն: «Թեեւ դրանից հետո էլ նրանք պետք է լինեն բժշկի հսկողության ներքո, բայց կարող են վերջնական ապաքինվել արդեն տան պայմաններում»,- ասաց փոխտնօրենը:
Հարցին, թե վիրահատությունից հետո մանկապիղծը կկարողանա՞ պատիժը շարունակել քրեակատարողական հիմնարկում, Օնիկ Մելքոնյանը պատասխանեց. «Հավանաբար այո»:
«Վիրահատության ժամանակ կատարել ենք բջջաբանական հետազոտություն, հայտնաբերվել են A տիպի բջիջներ, այսինքն` չարորակ նորագոյացության բջիջներ»,- ասաց նա` հավելելով, որ Սերոբ Տեր-Պողոյանի մոտ հաստ աղիքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ վերջինս հունվարի 26-ից վիրահատվելու նպատակով տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: Սերոբ Տեր-Պողոսյանը ցանկանում էր մասնակցել Վերաքննիչ դատարան ներկայացված իր բողոքի քննության շրջանակներում կայանալիք նիստին, որից հետո միայն վիրահատվել: Դատարանը մերժել է նրա բողոքը եւ անփոփոխ թողել Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին, Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նոյեմբերի 17-ին 15 տարվա ազատազրկման է դատապարտել մանկապղծության համար: Նշենք նաեւ, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» 70-ամյա սեփականատիրոջը մեղադրում են մեկ տասնյակից ավելի անչափահասների բռնությամբ սեռական հարաբերություններին հարկադրելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 139 հոդվածի 3-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները): Դատական նիստերն ընթացել են դռնփակ, իսկ հոկտեմբերի 28-ին կայացած նիստում մեղադրողներ Արամ Ամիրզադյանն ու Հովսեփ Սարգսյանը դատարանից խնդրել էին Սերոբ Տեր-Պողոսյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման: 15 տարին տվյալ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժն է:



























