Վանաձորի մանկատան նախկին սան, 22-ամյա Աննա Վարդեւանյանը, ով 4 տարի առաջ դուրս գալով մանկատնից, այսօր գիշերում է որտեղ պատահի, 2005-ից գրանցված է մանկատան շրջանավարտների բնակբաշխման ծրագրում: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում նշեց Լոռիի մարզպետարանի երեխաների եւ կանանց իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը: Նրա խոսքով, մինչ Աննայի 18 տարին լրանալը, ծնողներից եւ ոչ մեկը չի հրաժարվել նրանից, հետեւաբար, նա այսօր չունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ:

«Եթե հարցը դիտարկենք զուտ օրենքի տեսանկյունից, Աննան պետք է ճանաչվեր «առանց ծնողի խնամքի մնացած», վերջին 5 տարում չունենար սեփականություն, սակայն ինքն այսօր հայր էլ ունի, մայր էլ, ու պետությունը որեւէ պարտավորություն չունի նրա նկատմամբ, մենք նրան պարզապես պետք է համարենք կյանքի դժվար իրավիճակում հայտնված մարդ ու օգնենք ինչով կարող ենք: Փաստորեն, Աննան մանկատանը մնացել է որպես «սոցիալական որբ»,-ասաց նա:

Նարեկ Սարգսանի փոխանցմամբ, Աննայի խորթ հայրը` Ստեփանը, երկու օր առաջ եղել է իր մոտ եւ մի քանի բան պատմել, ըստ որի «Աննան երկար ժամանակ բնակվել է կենսաբանական մոր ու խորթ հոր ընտանիքում, եւ որ Աննայի արյունակից քույր-եղբայրներն այս պահի դրությամբ, գտնվում են տարբեր հաստատություններում` մեկը հատուկ դպրոցում, մի մասն էլ խնամքի կենտրոնում»:

Ստեփանը նաեւ պատմել է, որ Աննան պարզապես չի կարողացել հաշտվել ընտանիքի անդամների հետ, իր բնավորության պատճառով, նաեւ հերքել է, որ ինքը երբեւէ բռնություն է կիրառել աղջկա նկատմամբ, ու նաեւ բաժնի պետին տեղեկացրել, որ Աննան ամուսնացել է Լոռիի Ձորագես համայնքում ու բաժանվել:

Այս ամենը սակայն Աննան հերքեց, պատմելով հետեւյալը. «Մայրս ու խորթ հայրս ուզում էին սաբաբով ինձ ամուսնացնեին, հետո կազմակերպեցին, որ ինձ փախցնեն, բայց ես 2 օր մնացի ու հետ եկա տուն»: Աղջկա պատմելով, դա եղել է 2 տարի առաջ:

Փաստորեն, Աննան վստահեցնում է, որ մայրն ու խորթ հայրն իրեն շահագործել են, երբ ինքը նրանց տանն է ապրել, ձեռքից վերցրել են աշխատավարձը, բռնություն կիրառել, կազմակերպել իրեն փախցնելը, մինչդեռ Աննայի խորթ հայրը Նարեկ Սարգսյանին հակառակն է փաստել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ չափահաս դառնալուց հետո Աննան բոլոր շրջանավարտների նման մանկատնից դուրս գալով, հայտնվել է փողոցում, չունենալով նույնիսկ գիշերելու տեղ: Ծանոթների միջոցով գտել է մորն ու խորթ հորը: «Մեկ ամիս գրեթե այնտեղ մնացի, բայց չէին ուզում, որ իրենց մոտ մնայի, հերացուս  ինձ չէր ընդունում, մայրս էլ ոչինչ չկարողացավ անել, որ ինձ պահեր, հետո իրենք սոցիալապես անապահով էին, դրա համար էլ...»,- պատմեց Աննան, ավելացնելով, որ մոր ընտանիքում գնալով վեճերն ավելի են շատացել, ու իրեն սկսել են ծեծի ենթարկել ու կարճ ժամանակ անց վռնդել են տնից. «Մայրս ոչինչ չարեց, որ ինձ իր մոտ պահեր, ինձանով չի հետաքրքվում, դրսում էլ տեսնելիս չտենալու էր տալիս»,-ասել է նա:

Մոտ մեկ ամիս է, ինչ Աննան ապրում է Ալավերդի քաղաքի Շնաձոր անունը կրող թաղամասում` 64-ամյա Մարիետա Թումանյանի տանը: Կինը երկրորդ կարգի հաշմանդամ է, ապրում է սոցիալապես ծանր պայմաններում, ձմռան այս օրերին բնակարանը չի ջեռուցում` վառելիք չունենալու պատճառով:

Մարիետա Թումանյանը որոշել է գնալ ծերանոց, սակայն քաջ գիտակցում է, որ Աննան գնալու տեղ չունի: Այս օրերի ընթացքում նա մտերմացել է Աննայի հետ ու ընդունում է նրան հարազատ երեխայի նման: «Ես իմ մարդկությունն արել եմ, բայց հիմնական չեմ կարող պահել իրեն, որովհետեւ ես ի վիճակի չեմ, չեմ կարող»,-թղթակցի հետ զրույցում նշեց Մարիետա Թումանյանն, ակնկալելով որեւէ օգնություն 22-ամյա որբ աղջկա համար: