Հարավային Կովկասում ԵՄ-ի և ԱՄՆ-ի նպատակը Ռուսաստանի դուրսմղումն ու Իրանի չեզոքացումն է։ Հետխորհրդային երկրների հիմնախնդիրներին նվիրված տեսակոնֆերանսի ժամանակ նմանատիպ կարծիք է հայտնել ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի «Հետխորհրդային պետությունների նոր դերը» ծրագրի ղեկավար, դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը։
Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա և ՌԴ նախագահի հետ ունեցած աղմկահարույց երկխոսությունը՝ քաղաքագետը նշել է, որ Փաշինյանի և Պուտինի միջև նմանատիպ կոշտ, բայց կոռեկտ զրույցներ նախկինում էլ են եղել։ Նա հիշեցրել է, որ դեռ առաջին հանդիպումներից մեկի ժամանակ Փաշինյանը Պուտինին խորհուրդ էր տվել ընտրություն կատարել ընկերների հարցում (խոսքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին էր), որին հաջորդել էին Յուրի Խաչատուրովի պատմությունը և Լեռնային Ղարաբաղի հարցում տարաձայնությունները։ Ըստ փորձագետի՝ հարաբերությունների տրանսֆորմացիան երեկ չի սկսվել և պայմանավորված է նաև տարբեր խաղացողների ակտիվացմամբ։
Քաղաքագետը նշել է, որ որևէ քայլ ձեռնարկելիս պետք է հասկանալ «հնարավորությունների միջանցքը»։ Նրա տեսանկյունից՝ 2022-ին, երբ Ռուսաստանը բարդ իրավիճակում հայտնվեց ուկրաինական ճակատում, իսկ Հայաստանի սահմանին տեղի ունեցան Ջերմուկի դեպքերը (Ադրբեջանի ագրեսիան – խմբ․), ՀՀ ղեկավարությունում շատերը, չի բացառվում նաև հենց վարչապետը, կարծեցին, թե Ռուսաստանը լքում է նրանց։ Այս տեսակետն ակտիվորեն պաշտպանեցին նաև Ֆրանսիայում։
Ըստ Մարկեդոնովի՝ շատ է խոսվում Հայաստանի՝ ԵՄ անդամակցության մասին, սակայն հարց է ծագում, թե արդյո՞ք նրան այնտեղ սպասում են։ Նա հիշեցրել է, որ նույնիսկ Վրաստանի հետ, որն ամենամեծ քայլերն է արել տնտեսությունն ու իրավական համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար, բանակցությունները սառեցված են։ Մոլդովան և Ուկրաինան նույնիսկ թեկնածուի կարգավիճակ չունեն։ Այս համատեքստում նա վկայակոչել է Նիլ Ուշակովի հայտարարությունն այն մասին, որ ԵՄ անդամակցության համար Հայաստանին առնվազն 10-12 տարի կպահանջվի։ «Բայց ապրել է պետք»,— նկատել է փորձագետը՝ փաստելով, որ հայաստանյան ընդդիմության մտահոգությունները թելադրված են Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների հնարավոր խզման վերաբերյալ վախով։
Միևնույն ժամանակ, քաղաքագետն ընդգծել է Մոսկվայի կողմից Երևանի հանդեպ հարգալից վերաբերմունքի կարևորությունը՝ ցույց տալով, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանով։ Ըստ նրա՝ Հայաստանը շատ կարևոր է Ռուսաստանի համար նաև Իրանի հետ կապի և «ԵԱՏՄ+» ձևաչափի տեսանկյունից։ «Վստահ չեմ, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն, բացի Ռուսաստանին և Իրանին դուրս մղելու գաղափարից, այլ նպատակներ ունեն»,- նշել է Մարկեդոնովը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասի տարածաշրջանն ընկալվում է բացառապես Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի համատեքստում։
Խոսելով հարաբերությունների հեռանկարների մասին՝ քաղաքագետը նկատել է, որ դրանք այլևս չեն լինի այնպիսին, ինչպիսին եղել են մինչև 2012 կամ 2020 թվականները, սակայն «այլ» չի նշանակում թշնամական, և փոփոխությունները չպետք է հանգեցնեն թշնամանքի։ Նա փաստել է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Ռուսաստանում բացասաբար է ընկալվում պատժամիջոցների պատճառով, իսկ Կանադայի մասնակցությունը «քվազինատոյական» բնույթ է հաղորդում։ «Հարցը դիվերսիֆիկացման մեջ չէ։ «Խաղաղության խաչմերուկի» (տեքստում՝ «Թրամպի ուղի» նախագիծ — խմբ․) վերաբերյալ Ռուսաստանում ասացին՝ խնդրեմ, փորձենք համադրել եղած հնարավորությունները, սակայն մեզ ցույց են տալիս դուռը։ ՀԱԷԿ-ի փոխարեն, որը նաև աշխատատեղեր է ապահովում, առաջարկվում են անհավանական նախագծեր, որոնք ոչ մի տեղ, այդ թվում՝ հենց ԱՄՆ տարածքում, փորձարկված չեն։ Եթե փորձում են մեզ անազնիվ մրցակցությամբ դուրս մղել, ինչո՞ւ պետք է հիացած լինենք»,- նշել է Մարկեդոնովը։ Նրա կարծիքով՝ հարաբերություններում ավելի լավ է շեշտը դնել ոչ հրապարակային ձևաչափի վրա, որպեսզի հնարավոր լինի խուսափել անզգույշ կամ էմոցիոնալ հայտարարությունների շահարկումից։
Առաջիկա ընտրությունների վերաբերյալ Սերգեյ Մարկեդոնովը ընդգծեց, որ Ռուսաստանի թեկնածուն Հայաստանում հենց Հայաստանն է. «Հայստանի ժողովուրդը կընտրի նրան, ում անհրաժեշտ կհամարի», - հայտարարել է քաղաքագետը։





























