Մարզային այցելությունները ցույց են տալիս, որ ջրօգտագործողները (գյուղացիական տնտեսությունները) եւ իրենց կողմից ստեղծված ընկերություններն իրարից տարանջատված են։ Այդ մասին այսօր` մարտի 22-ի կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ ՀՀ տարածքային նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանը ներկայացնում էր ջրօգտագործող ընկերություններին սուբսիդիա տրամադրելու հարցը: Մոտ 44 ջրօգտագործող ընկերությունների կտրամադրվի 4 մլրդ դրամ սուբսիդիա` ֆինանսական ճեղքվածքները փակելու համար:
Ըստ վարչապետի` կառավարությունը ժամանակին ցանկացել է օգնությունը տալ գյուղացուն, ոչ թե ընկերություններին, որպեսզի գյուղացին զգա, որ պետությունն այդ կանխիկ գումարը վճարում է իր համար։ «Այժմ գյուղացիները դա չեն զգում։ Փաստորեն, մենք գյուղացիների փոխարեն գումարը տալիս ենք ջրօգտագործող ընկերություններին, որպեսզի ջուրը նրանց համար ավելի էժան լինի, բայց դա նրանք, ըստ էության, չեն զգում»,-հայտարարեց Տ. Սարգսյանը։
Դրան ի պատասխան` ջրային պետական կոմիտեի նախագահն ասաց, որ ջրօգտագործող ընկերությունների կայացումը ժամանակ է պահանջում, ու որպես հիմնավորում վկայակոչեց միջազգային փորձը:




























