«ՀՀ արտգործնախարարը գոհ է իր գործելաոճից, որովհետեւ այլ կերպ չէր էլ կարող լինել: Ես չգիտեմ մի նախարարի, ով իր աշխատանքն անարդյունավետ կգնահատեր»,- դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳՆ համատեղ հայտարարության մասին։

Նշելով, որ Է. Նալբանդյանի պահվածքը լիովին տրամաբանական է, եւ նրա լավատեսությունը պայմանավորված է իր գործելակերպի հանդեպ վստահությամբ, Ա. Մելիքյանը նկատեց, որ արտգործնախարարը իր գործունեության մեջ, ամեն դեպքում, իմաստ տեսնում է, հետեւաբար «պարտավոր է լավատես լինել», հակառակ պարագայում, պարզապես, պարտավոր կլիներ հրաժարական տալ։

ԼՂ նախկին արտգործնախարարը նշեց նաեւ, որ Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները շահեկան չեն ո՛չ Լեռնային Ղարաբաղի, ո՛չ Հայաստանի համար, քանի որ Հայաստանը, ըստ այդ հարցի շուրջ վերջին զարգացումների, կարծես, համաձայնում է Ադրբեջանի՝ մեզ որպես ագրեսոր հռչակելու մտքին։ «Ադրբեջանն այսօր պահանջատիրոջ իրավունքներով ձգտում է ձեռք բերել Արցախի ընդհանուր տարածքի մոտ 2/3-րդը կազմող հողերը, բարձրացնել ներքին տեղաշարժման ենթարկված իր բնակիչների իրավունքների հարցը, այնինչ հայկական կողմը համարժեք քաղաքականություն չի կիրառում նման հավակնություններ ունեցող Ադրբեջանի հանդեպ»:

Նկատելով, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցություններն ընթանում են բացառապես «պարտադրանքի շրջանակներում», Ա. Մելիքյանն ընդգծեց, որ «Մադրիդյան սկզբունքների շրջանակներում արծարծվող փոխզիջումներն իրականում հայկական կողմի համար զիջումներ են»: