Հայ խաղաղարարները առաքելությամբ Աֆղանստան են մեկնելու արդեն 2010թ. փետրվարին: Այդ մասին հայտարարել է խաղաղարար բրիգադի հրամանատար, Արթուր Սիմոնյանը: Նրա խոսքով, շուտով խաղաղարարների խումբը կայցելի Աֆղանստան՝ ծանոթանալու ապագա ծառայության պայմաններին: Սիմոնյանը նկատել է, որ դրանից հետո՝ հունվարին, 40 զինծառայողներից բաղկացած խումբը կայցելի Գերմանիա, որտեղ երկու-երեք շաբաթյա պատրաստություն կանցնի: «Ապա գերմանական ջոկատի կազմում կմեկնի Աֆղանստան»,- նշեց նա: Սիմոնյանը նաեւ տեղեկացրել է, որ հայկական զինվորական համակազմը բաղկացած է լինելու հիմնականում մոտոհրաձիգներից: Խաղաղարար բրիգադի հրամանատարի խոսքով, հայ խաղաղարարները առաքելությունն անցկացնելու են ռոտացիոն սկզբունքով, սակայն Աֆղանստանում մնալու հստակ ժամկետներ դեռ չկան:

Հավանաբար, բրիգադի կազմը կփոփոխվի 6 ամիսը մեկը, որից մեկ ամիսը կլինի Գերմանիայի տարածքում նախապատրաստությունը:

Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանի խորհրդարանը խաղաղարարների ուղարկման մասին որոշում չի կայացրել: Սիմոնյանը նշեց, որ հայ զինծառայողների գործունեությունը բարձր է գնահատվում արեւմտյան երկրների ղեկավարության կողմից: