«Մեզ պետք չէ ռազմատենչ Թուրքիա, նրա ռազմատենչությանը պետք է վերջ դրվի մի շարք, այդ թվում՝ Հայաստանին, Հունաստանին եւ Կիպրոսին հասցված վնասների պատճառներով։ Պատմական ասպեկտով թուրքական ռազմատենչության արդյունք դարձավ Կիպրոսի հյուսիսային հատվածի գրավումը եւ շրջափակումը, հայկական, հունական եւ ասորական ցեղասպանությունների հերքումը, մարդու իրավունքների խախտումները՝ քրդական փոքրամասնության առումով, ինչպես նաեւ կրոնական ազատությունների հանդեպ բռնությունները,- իր էջերում գրում է ԱՄՆ-ում հունական համայնքի The Hellenic News of America թերթը։
Թերթը նշում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շարունակում է ելույթ ունենալ այն ոգով, կարծես Թուրքիան Արեւմուտքի եւ Արեւելքի, ինչպես նաեւ քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ առկա կամուրջ է։ Օբամայի՝ Թուրքիայի վերաբերյալ հռետորությունը թյուրիմացություն է առաջացնում եւ զուրկ է լուրջ կետերից։
Օբաման չի խոսել այն մասին, որ Թուրքիան սատարում է Իրանին։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջիններից էր, ով երկրորդ ժամկետով ընտվելու կապակցությամբ շնորհավորեց Իրանի նախագահին՝ այն ժամանակ, երբ աշխարհն աղաղակում էր Ահմադինեջադի խարդախության եւ իրանական ընդդիմության հետապնդումների մասին։ Վերջերս Los Angeles Times-ում խոսվում էր այն մասին, որ Թուրքիան իսլամական աշխարհի միակ անդամն է ՆԱՏՕ-ում, ով հակադրվում է Իրանի՝ ուրանի հարստացման դեմ Արեւմուտքի ջանքերին։
Թուրքական հանրապետությունը հիմնվել է հայ, հույն եւ ասորի քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունների արդյունքում, իսկ այս ամենի անկյունաքարում կանգնած է եղել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։ Թուրքիան 20-րդ դարի հակաքրիստոնյա առաջատար երկիրն է եղել՝ սպանելով ավելի քան 2.5 մլն քրիստոնյաների։ Եվ այժմ էլ շարունակում է նույն ոգով։
Բացի այդ, Թուրքիան նաեւ հակասեմական երկիր է՝ հատկապես վերջին մի քանի տարիներին։ Եւ այն ամենը, ինչ պետք է Օբամային՝ քիչ դասախոսություններ կարդալ եւ Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ կիրառել, եթե վերջինս չհամաձայնի ընդունել մի քանի չափորոշիչներ»։




























