Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես իր համաձայնությունն է տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Այդ մասին ասված է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ:
Անդրադառնալով հինգ նախարարների դեկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությանը, ՀԱԿ-ը նշում է, որ «Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որում հանձն է առել արագորեն հասնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության, որը հիմնված կլինի Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթի երեք սկզբունքի վրա»:
«Տվյալ դեպքում Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ներառումը կարգավորման սկզբունքների մեջ որեւէ կերպ չի մեղմում կամ փոխհատուցում Հայաստանի կողմից արձանագրված նահանջը։ Տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների միաժամանակյա կիրառումը նշանակում է, որ ինչքան էլ բարձր ինքնակառավարման կարգավիճակ ընտրվի Լեռնային Ղարաբաղի համար, այն միեւնույն է՝ իրագործվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում, այսինքն՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմելու։ Այսպիսով` Հայաստանը համաձայնել է Ղարաբաղյան խնդրի մի կարգավորման, որով փակվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության՝ երբեւէ միջազգայնորեն ճանաչված անկախ երկիր դառնալու որեւէ հեռանկար»,- նշում են ՀԱԿ պատասխանատուները եւ հավելում.
«Նման զարգացումը հետեւողականորեն կասեցվում էր 1992թ, ի վեր, երբ Հայաստանը, դառնալով ԵԱՀԿ անդամ, մշտապես օգտագործել է վետոյի իրավունքը եւ դրա կիրառման հնարավորությունը՝ միջազգային փաստաթղթերում թույլ չտալու համար որեւէ արտահայտություն կամ դրույթ, ինչը կենթադրեր Ղարաբաղի խնդրի կարգավորումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա»։ Ընդդիմադիր քաղաքական ուժը հիշեցնում է նաեւ, որ 1996թ., երբ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում փորձ արվեց ԼՂ ինքնորոշման իրավունքը սահմանափակել Ադրբեջանի կազմում իրագործելու դրույթով, Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վետո կիրառեց այդ դրույթի վրա՝ հակառակ միջազգային աննախադեպ ճնշումների եւ ԵԱՀԿ բոլոր մյուս երկրների դիրքորոշմանը։
«Նույն պայմաններում այդ հնարավորությունը ուներ նաեւ այս իշխանությունը, որն այդ իրավունքից չօգտվեց։ Զիջողական այս կեցվածքի միակ բացատրությունը Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունների խոցելիությունն է, ինչը նրանք փորձում են փոխհատուցել միջազգային հանրության հետ Ղարաբաղի հարցում անհարկի զիջումների գնով կնքվող գործարքներով։ Նման քաղաքականության հիմքը դրվել է դեռ 1999թ. Ռ. Քոչարյանի կողմից, որը ստորագրելով Ստամբուլի խարտիան՝ Հայաստանի համաձայնությունը տվեց տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա հակամարտությունների կարգավորման ընդհանրական դրույթին։ Իսկ Աթենքում, ահա, դա, առաջին անգամ, մասնավորեցվեց Ղարաբաղյան հակամարտության համար»,- նշում են ընդդիմադիրներն ու նկատում, որ վտանգավոր այս զարգացումներից խուսափելու միակ տարբերակը սահմանադրական կարգի վերականգնումն է եւ իշխող վարչախմբի հեռացումը։




























