Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, հիմք ընդունելով նախարարության քրեակատարողական վարչության պետ Աշոտ Գիզիրյանի եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանի զեկուցագրերը, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Սամվելի Աֆրիկյանին ազատել Է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից։
Հայաստանի արդարադատության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկ այլ հրամանով նախարարը աշխատանքային անհրաժեշտությամբ պայմանավորված՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը 2009 թվականի դեկտեմբերի 3-ից դրել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ Վարուժան Եղիազարյանի վրա։
Քրեակատարողական վարչության պետ Աշոտ Գիզիրյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սահմանված կարգով պետք է կազմակերպի ընդունման-հանձնման աշխատանքների իրականացումը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին ՔԿՀ-ից փախուստի էին դիմել ցմահ դատապարտված Սողոմոն Քոչարյանն ու Մհեր Ենոքյանը, նաեւ նախարարի հրամանով ծառայողական հետաքննություն էր սկսվել «Հայկական ժամանակ» թերթում տպագրված մի լուսանկարի կապակցությամբ, որտեղ պատկերված էին հոկտեմբերի 27-ի եւ Դրոյի գործով ցմահ ազատազրկվածներից մի քանիսը` «Ազատամտություն» թերթի խմբագրի հետ մի սեղանի շուրջ, ինչը օրենքի կոպիտ խախտում է:




























