ՀԺԿ անդամ Գրիգոր Հարությունյանը կարծում է, որ դեկտեմբերի 1-2-ին ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ Աթենքի հնգակողմ հայտարարությունն ու ԵԱՀԿ ԱԳ նախարարների խարտիան նահանջ է Հայաստանի կողմից:

«Ես անձամբ եմ մասնակցել Հայ ազգային կոնգրեսի հայտարարությանը, որտեղ նշվում է, որ աթենքյան հնգակողմ հայտարարության մեջ առաջին անգամ Հայաստանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որտեղ ամրագրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ դա նշանակում , որ ինչքան էլ բարձր ինքնակառավարման կարգավիճակ ընտրվի Լեռնային Ղարաբաղի համար, միեւնույնն է, այն իրագործվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե ինչո՞վ եք բացատրում, որ երբ 1997 թվականին ԵԱՀԿ Լիսաբոնյան փաստաթղթի նախագծում ներառվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին դրույթ, դա հզոր հակազդեցություն առաջացրեց Հայաստանում ու հատկապես Ղարաբաղում, իսկ հիմա նման միտում չկա ո՛չ Հայաստանում, ո՛չ` Ղարաբաղում, Գ. Հարությունյանը նախ նկատեց, որ Լիսաբոնում դա այդպես էլ պաշտոնական փաստաթուղթ չդարձավ, քանի որ Հայաստանը վետո կիրառեց, ապա հավելեց. «Այժմ հասարակության մոտ այդ փաստաթղթերին ընդդիմանալու միտում չկա, որովհետեւ ժողովրդին հասցրել են մի վիճակի, որ նա ահուսարսափի մեջ է ու չի պայքարում: Այս ժողովրդի գլխին „մարտի 1“ սարքելուց հետո, բնական է այս անտարբերությունը»:

Ինչ վերաբերում է ԼՂ ժողովրդի անտարբերությանը ապա, ըստ Գ. Հարությունյանի, «նրանք ընդհանրապես տեղեկացված չեն, թե ինչ է կատարվում բանակցային գործընթացում, քանի որ նրանք տեղեկություն են ստանում միայն պաշտոնական աղբյուրներից»:

«Ղարաբաղի իշխանավորներն էլ իրենց անձնական հարցերն են լուծում եւ չեն ցանկանում ընդվզել ՀՀ իշխանությունների դեմ: Այս վիճակից դուրս գալու տարբերակներից մեկն էլ այն է, որ ԼՂ իշխանությունները տղամարդկություն ունենան եւ հայտարարեն, որ արգելում, են ՀՀ իշխանություններին իրենց անունից բանակցություններ վարել եւ չընդունեն Աթենքի փաստաթուղթը: Ցավոք, նրանք այդ տղամարդկությունը դեռ չունեն»,- իր խոսքն ամփոփեց ընդդիմադիր գործիչը: