«Եթե վրացական իշխանությունները պահեն իրենց խոսքը եւ վերանորոգեն Թբիլիսիում փլուզված Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցին, ապա դա իսկական հրաշք կլինի»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը։

Ընդգծելով, որ հայկական եկեղեցիների վերականգնումը վրացական իշխանությունների բարոյական պարտքն է, ԱԺ պատգամավորը, սակայն, կասկած հայտնեց, որ նրանք մոտ ժամանակներս իրավաբանական կարգավիճակ կտան վիրահայոց թեմին։ «Բացի ուղղափառ եկեղեցուց, Վրաստանում ոչ մի այլ եկեղեցի իրավաբանական կարգավիճակ չունի՝ ո՛չ կաթոլիկ, ո՛չ հրեական, ո՛չ մահմեդական։ Այս պարագայում կասկածելի է, որ վրացական կողմը բավարարի միայն հայ առաքելական եկեղեցու պահանջը։ Նման գործողությունների գնալու դեպքում Վրաստանը ստիպված կլինի բավարարել բոլոր կողմերի պահանջները»,- եզրափակեց նա։