Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ կառույցի ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ստրելցովին: Վերջինս Սերժ Սարգսյանին է ներկայացրել Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության նոր պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից, նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հետեւողականորեն ամրապնդվող ռազմավարական գործընկերությունը եւ կարեւորել է այդ ուղղությամբ ջանքերի շարունակումը: Նա սահմանապահ ծառայությունը, Հայաստանի պետական սահմանի պահպանությունը համարել է մեր երկրի ազգային անվտանգության կարեւոր բաղկացուցիչը եւ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առանցքային տարրերից մեկը:
«Մենք գոհ ենք սահմանապահների գործունեությունից, մեր համատեղ աշխատանքից եւ նրանց պրոֆեսիոնալիզմից»,- ընդգծել է երկրի ղեկավարը եւ հավելել, որ սահմանապահների հետ ավանդաբար ձեւավորվել են լավ հարաբերություններ եւ փոխըմբռնում, ինչը հնարավորություն է ընձեռում մշտապես օպերատիվ ու որակյալ լուծումներ տալ ծագող խնդիրներին:
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի խոսքերի համար` գեներալ-լեյտենանտ Ստրելցովն ասել է, որ իրենք ձգտում են բարեխղճորեն կատարել իրենց առջեւ դրված խնդիրները:




























