ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը համաձայն չէ, որ առաջին անգամ Աթենքում է ամրագրվել, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի երեք սկզբունքների կիրառմամբ` տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում եւ ուժի չկիրառում: «Առաջին անգամ այդպիսի հայտարարություն ընդունվել է անցած տարի դեկտեմբերին Հելսինկիում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում, որտեղ էլ առաջին անգամ հաստատվեց, որ կարգավորումը իրականանալու է Հելսինկյան եզրափակիչ ակտի 3 հիմնարար դրույթների հիման վրա: Ես կարծում եմ, որ այս ամրագրումը խոսում է այն մասին, որ իսկապես ԵԱՀԿ շրջանակներում կա դրական սպասում եւ բանակցային գործընթացի ընթացքը տարվա ընթացքում միջնորդներն ու ԵԱՀԿ-ն գնահատում են դրական»:

Նա նաեւ իր մտահոգությունը հայտնեց, որ մի կողմից Ադրբեջանը ստորագրում է այդ փաստաթղթերի տակ եւ համակարծիք է ԵԱՀԿ-ում տիրող ընդհանուր մթնոլորտին, մյուս կողմից չի դադարեցնում ագրեսիվ ու միլիտարիստական հռետորությունը, որով փորձում է հանրությանը համոզել, որ ուժային լուծումով, պատերազմի ճանապարհով այդ հարցի լուծումը իրատեսական է: «Կարծում եմ, որ սա պետք է մտահոգի ոչ այնքան Հայաստանին, որքան հայտարարությունը ստորագրած մյուս երկրներին»,- ասաց Ա. Սաֆարյանը:

Դիտարկմանը, թե ընդդիմությունը հայտարարում է, որ եթե փաստաթղթում ամրագրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դա նշանակում է, որ Ղարաբաղը պետք է ինքնորոշվի այդ տարածքային ամբողջականության շրջանակներում, ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Բոլորովին այդպիսի բան չի կարող լինել, որովհետեւ ԼՂ-ի Ադրբեջանից անջատ լինելու հանգամանքը միանգամայն պարզ է բոլորի համար: Հարցը նրանում է, թե արդյո՞ք Հայաստանը եւ Ադրբեջանը կկարողանան գալ այնպիսի հայտարարի, որ դա ամրագրվի միջազգայնորեն: Ես համաձայն չեմ, որ խոսքը գնում է այն մասին, որ Հայաստանը երբեւէ ինչ-որ ճնշման տակ կարող է համաձայնվել ԼՂ-ն թողնել Ադրբեջանի կազմում: Սա բոլորովին իրատեսական չէ եւ ուղղակի խաբեություն է, կամ ինքնախաբեություն»:

Իսկ հարցին, թե այդ դեպքում ի՞նչ են հասկանում համանախագահները Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելիս, Ա. Սաֆարյանը պատասխանեց. «Նրանք հասկանում են այն տարածքային ամբողջականությունը, որի շրջանակներում Ադրբեջանը կգա այն եզրակացության, որ ԼՂ անկախ պետություն դառնալու հարցում այլընտրանք չկա»: