News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործով կծիկը քանդվում է, քանի որ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով քննչական աշխատանքները նոր խումբ է իրականացնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը: «Բավականին լուրջ գործ է արվում: Ես իմ հույսը կապում եմ այդ նոր խմբի հետ»,-ասաց նա:

Հարցին, թե արդեն հայտնի՞ է պատվիրատուի անունը, Մհերյանի հայրն արձագանքեց. «Այստեղ բավականին լուրջ մարդիկ են խառնված: Ի սկզբանե, հենց առաջին իսկ օրվանից գործը շեղել են: Բացի այդ հնարավոր է եղել սպանությունը կանխել, ինչը չեն արել: Հետեւաբար` չի բացառվում, որ նոր քրեական գործեր էլ հարուցվեն»: 

Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանը սպանվել է փետրվարի 3-ին ժամը 20.15-ին, Երեւանի Բարբյուս փողոցի 65 շենքի (Կիեւյան կամրջի հարեւանությամբ գտնվող «Օլիմպիա» մոթելի դիմաց) 7-րդ հարկի միջանցքում` վերելակից դուրս գալուց հետո։ Մհերյանի վրա արձակվել է ութ կրակոց, որոնցից հինգն են նրան դիպել։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ չորս գնդակ։ Ավելի ուշ պարզվել էր, որ Գեւորգ Մհերյանին մարդասպանը դարանակալել էր զոհի բնակարանի հարկաբաժնի վերելակի մոտ։ Երբ Մհերյանը վերելակից դուրս է եկել, մարդասպանն անմիջապես դիմահար կրակել է նրա կրծքին եւ գլխին։ Մարդասպանի արձակած ութ կրակոցների ձայնը լսելի է եղել Մհերյանի հարկաբաժնում ապրող բնակիչներին։ Սակայն նրա հարեւանները մի քանի րոպե վախեցել են տանից դուրս գալ, ինչի արդյունքում մարդասպանին հաջողվել է հանցագործության վայրից աննկատ հեռանալ:

Պետրոս Մհերյանը ասել էր նաեւ, որ Գեւորգ Մհերյանին սպանած մարդասպանին  սպանությունից րոպեներ առաջ տեսնող է եղել, սակայն նրա եւ կասկածյալի միջեւ առերեսում չեն կատարել: Ի դեպ, Պետրոս Մհերյանը փոխանցել էր, որ Գեւորգ Մհերյանը մեկ USB-կրիչ է ունեցել: Այնինչ` ոստիկանության փաստերով երեք USB-կրիչ է առկա: «Ես իմ տղայի ձեռքում մեկ ֆլեշկա եմ տեսել, որին շատ խնամքով էր վերաբերում եւ միշտ իր մոտ էր պահում: Դեպքից երկու օր առաջ էլ ասաց, որ նախագահին զեկուցելու շատ կարեւոր ինֆորմացիա ունի: Սպանությունից հետո էլ մի շարք պաշտոնյաներ ինձ ասացին, որ այդ ֆլեշկայի մեջ այնքան կարեւոր ինֆորմացիա կար, որ եթե Սերժ Սարգսյանին հասներ, մի շարք մարդկանց գլուխներ կթռնեին: Երբ ես սկսեցի ֆլեշկեն ման գալ, որոշ ժամանակ անց կանչում են հարսիս եւ ասում, թե սա այն ֆլեշկան է, որը հայրը ման է գալիս: Սակայն հիմա ոչ մեկը չկա: Բայց, ոչ միայն ֆլեշկեքը չկա, այլեւ ֆաքսը, եւ սպանության օրը Գեւորգի անցած ճանապարհների տեսաձայնագրություննեը: Վերացրել են, որ չտեսնենք, թե ինչ մեքենաներ են նրա հետեւից գնում: Իսկ ես լուրջ կասկածներ ունեմ, որ այդ տեսանյութերի մեջ կա այն մարդը, ում փորձում են կոծկել»,- մանրամասնել էր Պետրոս Մհերյանը:

Տպել
Ամենաշատ