Այն փաստը, որ «Armenian» նավը ժամանակին բաց ծովում՝ Հյուսիսային Ատլանտիկայում բեռնափոխադրումներ է իրականացրել, նորություն է մարդկանց մեծ մասի, այդ թվում նաեւ հայերի համար: Այս մասին գրում է  «The Armenian Mirror-Spectator»-ը:

20-րդ դարի շեմին որպես բեռնատար նավ կառուցված  «Armenian» նավը բեռների շահավետ փոխադրման համար երթեւեկության արժեքավոր միջոց է ծառայել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Ամերիկայի միջեւ: Նրա վերջին հանգրվանը հանելուկ է մնացել առաջին աշխարհամարտից մինչեւ 2008 թվականը, երբ նրա բեկորները հայտնաբերվել են Անգլիայի արեւմտյան ափերի մոտ:

Հայերի՝ համիդյան ջարդերի ժամանակաշրջանում կառուցված նավի համար անխուսափելի է եղել այն, որ նա իր վախճանը գտել է 1915 թվականին, երբ ժողովուրդը, որի անունն այն կրում էր, կոտորվել է:

«Armenian» նավը կառուցվել է 1895 թվականին Բելֆաստի «Harland & Wolff» նավագործարանում, որն այնուհետեւ հայտնի է դարձել այնտեղ կառուցված եռյակի՝ «Titanic»-ի, «Olympic»-ի եւ «Britannic»-ի շնորհիվ: Նավն ունեցել է 156 մետր երկարություն:

«Armenian»-ն իր խաղաղ առաքելությունն ավարտել է 1914 թվականի մարտին, ապա առաջին աշխարհամարտի ժամանակ սկսել է ձիեր տեղափոխել: Թեեւ նավն ուղեւորատար չի եղել, սակայն նրանով 1914 թվականի հոկտեմբերի  7-ին Բրիտանիայի Զինված ուժերի գրենադերական գվարդիայի ցամաքային գունդը տեղափոխվել է Բելգիա:

Նավն իր վերջին ճանապարհորդությունն սկսել է 1915 թվականի հունիսին՝ տախտակամածին ունենալով 175 տղամարդ: Այն ԱՄՆ-ից Անգլիա էր տեղափոխում 1422 ջորի: Հունիսի 28-ին, ժամը մոտ  18:30-ին, նավի վրա գտնվողները գերմանական սուզանավ են նկատել: «Armenian»-ը  հաշված րոպեների ընթացքում ջրասույզ է արվել: