News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը  երազում է այցելել Թուրքիա, եթե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում քաղաքական լուծում գտնվի: Այս մասին Ազնավուրը հայտարարել է շվեյցարական «La Liberté» պարբերականին տված հարցազրույցում: NEWS.am-ը հատված է ներկայացնում հարցազրույցից.

Դուք խաղացել եք Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը Հայաստանի պատմության եւ 1915թ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի տուրք է: Կարո՞ղ է նման ֆիլմը ճնշում գործադրել Թուրքիայի կառավարության վրա:

Ոչ, ոչ: Ոչ մի ճնշում: Դա թուրքերն են ճնշում գործադրում, որպեսզի ֆիլմեր չստեղծվեն, գրքեր չհրատարակվեն, որպեսզի թերթերում հոդվածները գրաքաննության ենթարկվեն: Հայերս ոչ ուժ, ոչ միջոցներ ունենք ճնշում գործադրելու համար:

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների լարվածության դադարեցման հույս ունե՞ք:

Դա հույս չէ, դա լավատեսություն է: Կարելի է սպասել, որ ինչ-որ բան տեղի կունենա: Ես չէի ասի ցեղասպանության լիովին ճանաչման մասին,  այլ ժեստերի մասին,  այնպիսի ժեստերի, որը վերջերս արվեց Ֆրանսուա Օլանդի կողմից Ալժիրում: Տվյալ պահին ոչ մի նշան այդ ուղղությամբ չի երեւում: Սակայն  ես հավատում եմ, որ մենք դրան կհասնենք: Հատկապես քուրդ նախարարի հետ տեղի ունեցածից հետո, երբ նա ներողություն խնդրեց հայերից:

Բոլորը սպասում են քաղաքական կարգավորման: Դուք ի՞նչ կանեք, եթե դա տեղի ունենա:

Իմ երազանքն է այցելել Թուրքիա: Ես ոչ մի վատ բան չեմ ասել թուրքերի մասին, բայց քանի որ ես խոսում եմ Ցեղասպանության մասին, քույրս եւ իմ ընկերներս ինձ խորհուրդ են տալիս չայցելել այնտեղ, որ ինձ կարող են սպանել: Քույրս նույնիսկ ասաց, որ եթե ինձ վրա կրակի ոչ թուրքը, ապա դա հայ կլինի: Իսկ եթե ավելի լուրջ խոսենք, իմ թուրք ընկերներն ինձ հրավիրել են Թուրքիա, երկար տարիներ առաջարկել են հանդես գալ այդ երկրում: Եթե թուրքերը համաձայնեն բացել սահմանները, այդ ժամանակ ես կայցելեմ, եթե նույնիսկ Ցեղասպանության հարցը լուծված չլինի: Սահմանների բացումը շատ հարցերում հանգստություն կբերի: Ես գիտեմ միայն Ստամբուլը՝ հրաշալի քաղաք, որտեղ ես երգել եմ, երբ դեռ նոր էի սկսում: Այդ ժամանակ նրանք չէին նկատել, որ ես հայ եմ:

Բարելավվո՞ւմ է իրավիճակը Ձեր երկրում:

Ոչ այնքան: Անհրաժեշտ է, որպեսզի սահմանները բացվեն: Բայց նաեւ անհրաժեշտ է, որպեսզի հայերն ուժեղ լինեն գռփողների առջեւ, որոնք ստիպում են մարդկանց էժան գնով վաճառել այն քիչը, որ ունեն եւ աշխատել ստրուկների պես: Հայաստանը մշակույթի երկիր է, որը, ցավոք, քիչ է հայտնի: Այն բաց է զբոսաշրջության համար: Ես կոչ եմ անում շվեյցարացիներին այցելել Հայաստան: Նրանք լավ ընդունելություն կգտնեն, լավ կուտեն ու կխմեն: Էլ ի՞նչ է պետք:

Հայաստանում խոհանոցը շատ կարեւոր է: Մենք միշտ հանդիպում ենք սեղանի շուրջ: Դա ձեր գեներում է: Նույնիսկ եթե մենք ոչինչ չունենք, սեղանը լիքն է, ինչը զարմանալի է: Դա իսկապես հայկական մշակույթի մի մասն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ