Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի13-ին, ժամը 10:50-ին, կսկսվի դերասան Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը բողոքարկելու հարցով հերթական դատական նիստը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ դատարանը փորձելու է դռնփակ դարձնել նիստը, որպեսզի թաքցնեն այն հանգամանքը, որ Վարդան Պետրոսյանի ձերբակալումը եղել է անօրինական:
Նախորդ նիստին դերասանի փաստաբանը գործով դատավոր Յու. Բաղդասարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացրել, եւ դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ, այժմ պետք է հրապարակվի որոշումը՝ միջնորդությունը բավարարվում է, թե մերժվում:
Նիկոլայ Բաղդասարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ տեսակցել է «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող Վարդան Պետրոսյանին, նրա առողջական վիճակը լավ է, կայուն է: Քննիչը դերասանին է ներկայացրեց ապրանքագիտական եզրակացությունը, որտեղ նկարագրված է «Նիվա» մեքենային պատճառված վնասը:
Փաստաբանը շեշտեց, որ այդ եզրակացությունից հետո քննիչը պետք է ավարտեր նախաքննությունը եւ գործը ուղարկեր դատարան, սակայն առայժմ չի ավարտում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը: Դրանից հետո նշանակված նոր քննիչը՝ Դավիթ Մարտիրոսյանը, դիմել էր Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դերասանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկու ամսով երկարացնելու համար, ինչը բավարարվել է:





























