Ամերիկյան իրավապաշտպան Սիմոն Վիզենտալի կենտրոն կազմակերպությունը (SWC) նոր ապացույցներ է ստացել, որ նացիստական ամենահետախուզվող նացիստական հանցագործների ցուցակը գլխավորող Լասլո Չատարին թաքնվում է Հունգարիայում: 

Ինչպես Agence France-Presse-ին հղում անելով հաղորդում է Lenta.ru-ն, Սիմոն Վիզենտալի կենտրոնի ներկայացուցիչ Էֆրաիմ Զուրոֆը հուլիսի 15-ին նշել է, որ մի քանի օր առաջ ապացույցները փոխանցվել են Հունգաիայի Գլխավոր դատախազություն: Այնտեղ հաստատել են, որ իրենք մանրամասն կզննեն փաստաթղթերը: Սիմոն Վիզենտալի կենտրոնը Հունգարիայի իշխանություններին կոչ է անում Լասլո Չատարիին դատի ենթարկել, նշելով, որ նրա մեղքն ապացուցող բավականին ապացույցներ են կուտակվել:

Լասլո Չատարին, որը ներկայումս պետք է 97 տարեկան լինի, Երկրորդ համաշխարհային պատերազմի տաիներին ծառայել է սլովակյան Կոշիցե քաղաքում`Հունգարիայի կողմից գրավված տարածքում: Ըստ Սիմոն Վիզենտալի կենտրոնի տվյալների` Չատարին գլխավոր դեր է խաղացել 1944 թվականին 15,7 հազար հրեաների Օսվենցիմ արտաքսելու գործում:  Պատերազմից հետո Չատարին տեղափոխվել է Կանադա, որտեղ ապրել է այնքան ժամանակ, քանի դեռ 1995 թվականին նրան չեն զրկել քաղաքացիությունից` բացահայտված ռազմական հանցագործություններին մասնակցելու պատճառով:

Մինչեւ օրս հանցագործի հետքը կորած էր: