Աղավնաձոր գյուղում հորեղբոր` 1-ամյա փոքրիկին «վրաերթի ենթարկելու» դեպքի առթիվ նշանակվել է համալիր փորձաքննություն: Ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնեցին, որ այս գործով եկել է դատաբժշկական փորձաքննության պատասխանը, ըստ որի՝ հնարավոր չէ, որ երեխան նման վնասվածքներ ստանար վայր ընկնելու հետեւանքով:

Դրանից հետո նշանակվել է համալիր փորձաքննություն, որի պատասխանից էլ կախված է գործի հետագա ընթացքը: Գործի շրջանակներում մեղադրյալներ չկան:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր ոստիկանության հաղորդագրությունը, թե օգոստոսի 25-ին, ժամը 20.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Հազվադեպ մակերեսային շնչառությամբ, սրտի անբավարար աշխատանքի նշաններով» բուժօգնության է տեղափոխվել Աղավնաձոր գյուղի բնակչուհի, 2012 թ. ծնված  Մարի  Պողոսյանը: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Մ. Պողոսյանը տան դիմացի ճանապարհին վայր է ընկել եւ ստացած վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ ժամը 21.10-ին մահացել է:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Մ. Պողոսյանի հորեղբայրը  «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով իրենց տան մոտ` գյուղամիջյան ճանապարհին, վրաերթի է ենթարկել երեխային` պատճառելով մահ: Կատարվում է նախաքննություն:

Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր, որ իրականում հորեղբայրը վրաերթի չի ենթարկել փոքրիկին, պարզապես նա իրեն այդպես է ներշնչել եւ էմոցիաների ազդեցությամբ էլ այդպիսի հայտարարություն արել ոստիկանությունում: Գյուղապետի փոխանցմամբ` հորեղբայրը տնից դուրս է եկել, նստել մեքենան, երեխայի հայրը մոտեցել է հորեղբորը, մեքենայի լուսամուտով սկսել են իրար հետ խոսել, թե «գնա էս-էս բաները առ, խանութից բեր»: Այդ ժամանակ երեխան եղել է տան դարպասի մոտ, եւ ընկել է տան դարպասի եւ մեքենայի արանքը եղած թեք հատվածը, կողքը դիպել է բետոնի նստարանին, ընկել է մեքենայի տակ: Այնուհետեւ երեխայի ձայնից հորեղբայրը եւ հայրը հանկարծակիի են եկել, մեքենայի դուռը բացելով տեսել են, որ երեխան ավտոյի տակ է, մինչդեռ մեքենան չի շարժվել տեղից: «Մտածում էին, որ երեխեն ընկել է ավտոյի տակ, բայց իրականում այդպես չէ: Ընկել է, կողքը կպել է քարին: Հորեղբայրը մտածել է, թե իր մեղքով է եղել, վախեցած է, մտածել է, թե ինքն է արել: Բայց դիահերձեցին, ոչ մի կոտրվածք, ոչ մի բան չկա, երեխան ընկել է, մի քիչ կապտուկ ուներ, մեկ էլ լյարդն է վնասված եղել, ներքին արյունահոսություն է սկսված եղել»,- ասել էր գյուղապետը: Աշոտ Գալստյանը շեշտել է, որ եթե իրականում մեկ տարեկան երեխան ընկներ մեքենայի տակ, ապա ջարդուփշուր կլիներ, բայց նա ոչ մի վնասվածք չի ունի: