Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունն արձագանքել է NEWS.am-ի կայքում հրապարակված «Երեւանի քաղաքապետարանն անտեսում է քաղաքացիների ահազանգերը»:
«Հայտնում ենք, որ հնչեցված հարցի ուսումնասիրությունից պարզվել է, որ ցուցահարթակի վրա իրոք առկա են եղել որոշ երթուղիների համարների անճշտություններ, ինչի համար նախ եւ առաջ հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Երեւանտրանս» ՓԲ ընկերությանը հանձնարարվել է մեկօրյա ժամկետում լրացուցիչ ուսումնասիրել նշված երթուղիների ցանկը եւ կատարել համապատասխան ճշգրտումներ»,- ասվում է վարչության պատասխանում։ Վարչությունից նշեցին նաեւ, որ դրա համար համայնքային բյուջեներից ծախսեր չեն նախատեսվել երբեւէ, եւ դա պետք է անեին կանգառները վարձակալած մասնավոր ընկերությունները:
Ինչպես նշել էր NEWS.am-ը, Երեւանի քաղաքապետարանը շարունակում է արհամարհել հաղորդագրությունները, որոնք վերաբերում են քաղաքի ավտոբուսային կանգառներում «տեղեկատվական ցուցանակներին»:
Մայրաքաղաքի կանգառներում տեղադրվել են ավտոբուսների, միկրոավտոբուսների ու տրոլեյբուսների երթուղիների մասին ցուցանակներ: Գաղափարը լավն է, սակայն իրականացումն այդքան էլ հաջող չէ:
Քաղաքի գրեթե բոլոր շրջաններում տեղադրված ցուցանակները ոչ թե տեղեկացնում են, այլ ապատեղեկատվացնում են քաղաքացիներին: Նշված են երթուղիներ, որոնք տվյալ տեղում պարզապես չեն իրականացվում, փոխարեն նշված չեն նրանք, որոնք իրականացվում են: Այս մասին հրապարակումը որեւէ արդյունք չտվեց: Քաղաքապետարանում այն պարզապես արհամարհեցին:
Փոխարենը որոշ ցուցանակիների վրա քաղաքացիներն իրենք են ուղղումներ կատարել: Բարի կամեցող մարդիկ գրիչով ավելացրել են պակասող երթուղիներին ու ջնջել են ավելորդները:
Ստիպված ենք արձանագրել, որ ծրագրին հատկացված գումարն անարդյունավետ է ծախսվել, ընդ որում, քաղաքապետարանում գերադասում են արհամարհել քաղաքացիները ահազանգերը:




























