Կրթության եւ գիտության նախարարության ԳԹԿ-ի կենտրոնի մոտ 50 աշխատակիցները, ովքեր Դիլիջանի «Best Western Paradise Hotel Dilijan»-ում սեմինար քննարկում են կազմակերպել, դժգոհ մնալով սպասարկումից, ժամանակից շուտ լքել են հյուրանոցը:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԳԹԿ-ի գլխավոր մասնագետ Անահիտ Մարտիրոսյանը:

Նա պատմեց, որ կոնֆերանսից հետո պայմանավորվածության համաձայն վերջում պետք է բանկետ եւ խնջույք կազմակերպվեր: Խնջույքին իսպանական եւ իտալական երաժտություն է միացված եղել, եւ սեմինարի մասնակիցները խնդրել են հայկական երաժշտություն միացնել: «Ասացին՝ հնարավոր չէ: Իրենց հյուրանոցում  միայն լսում են իտալական, անգլիական, ֆրանսիական եւ իտալական  երաժշտություն: Եթե մենք միջազգային չենք, ապա ինչո՞ւ են ուրիշ երկրներում Կոմիտաս եւ Առնո Բաբաջանյան լսում: Մենք մեր հողի վրա մեզ երկրորդ սորտի մարդ էինք զգում : Կարծում եմ՝ ոչ մի հարգող իրեն հայ, պետք է երբեք ոտք չդնի այս հյուրանոց, մինչեւ գործում է ներկա կարգը եւ կանոնը: Տնօրենն էլ ոչ մի ձեւով չներկայացավ, չհասկացանք, թե ով է »,- դժգոհեց Անահիտը: Նա նաեւ ավելացրեց, որ վիճաբանությունից հետո հենց գիշերը դուրս են եկել հյուրանոցից եւ ճանպարհ ընկել, այնինչ պայմանավորվածության համաձայն առավոտյան պետք է գնային: Սեմինարի մասնակիցներից մեկն էլ ավելացրեց, որ նման խայտառակ վերաբերմունքի ականատես չես լինի աշխարհի ոչ մի քաղաքակիրթ, անգամ ոչ քաղաքակիրթ երկրում: «Երբ սեփական հյուրերի նկատմամբ, որոնքմ ի դեպմ ազգիս մտավորականությունն են հանդիսանում, հյուրանոցի մի ամբողջ անձնակազմ դրսեւորում է նման անհարգալից վերաբերմունք՝ հրաժարվելով երեկույթի ժամանակ միացնել հայկական երաժշտություն: Ի՞նչ է նշանակում, առաջնորդվում ենք միջազգային ստանդարտներով: Եվ ի˚նչ գիտեք դուք միջազգային ստանդարտների մասին, կամ ով է ձեր սահմանափակ ուղեղներին հասցրել այն գաղափարը, որ հայկական երաժշտությունը (Կոմիտասով, Արամ Խաչատրյանով, Առնո Բաբաջանյանով… ) դուրս է միջազգային ստանդարտներից: Եվ ո˚ւր ենք ուզում հասնել մենք, երբ մեր սեփական երկրում արդեն մեզ թույլ չեն տալիս պարել մեր քոչարին»,- դժգոհեց ԳԹԿ-ի աշխատակիցը: