Պաշտոնական Փհենյանը հաստատել է երկրի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից Չան Սոն Թհեկի` ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի քեռու, պաշտոնանկ լինելու լուրը:

Ըստ պաշտոնական տեղեկության` Չան Սոն Թհեկը հեռացվել է բոլոր պաշտոններից` պետության դեմ կործանարար գործունեություն ծավալելու մեղադրանքների պատճառով:  Նրան կոռուպցիայի, թմրանյութեր օգտագործելու եւ անբարո կյանք վարելու մեղադրանք են ներկայացրել: 

Մյուս «հակապետական» հանցագործությունների շարքում հիշատակվում են նաեւ «իշխանության չարաշահումը», խաղատներում խաղալը, ինչպես նաեւ այլ երկրում բուժվելը: Բացի դրանից, իշխանությունները նրան մեղադրում են կուսակցության գաղափարները խեղաթյուրելու մեջ` երկրի առաջնորդի նկատմամբ հավատարմության քողարկման ներքո: 

«Թհեկը եւ նրա կողմնակիցները երեւակայությունը ցնցող հանցագործություններ են կատարել: Նրան հսկայական վնաս են հասցրել մեր կուսակցությանը եւ հեղափոխությանը», – հաղորդում է utro.ru-ն` վկայակոչելով Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը:  

Թհեկի գտնվելու վայրը հայտնի չէ:

Հիշեցնենք, որ ԿԺԴՀ-ի առաջնորդի քեռին հեռացվել էր Կորեայի ազգային պաշտպանական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից:

Հյուսիսային Կորեայի նախագահի քեռին զրկվե՞լ է երկրի կարեւորությամբ երկրորդ պաշտոնից

 Վերջին անգամ նրան տեսել էին հոկտեմբերի 28-ին` տեղի հեռուստատեսության եթերում, սակայն եթերի կրկնության ժամանակ Թհեկի մասնակցությամբ  բոլոր կադրերը կտրել-հանել էին: Ըստ Հարավային Կորեայի Ազգային հետախուզության գործակալության`  նրա երկու մերձավոր կողմնակիցներ մահապատժի էին ենթարկվել: