Ուկրաինան ԵՄ-ի հետ ասոցացման վերաբերյալ համաձայնագիր կստորագրի միայն Կիեւի համար ավելի շահավետ պայմաններով: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը: 

«Մենք պետք է համաձայնագիր ստորագրենք մեզ համար ձեռնտու պայմաններով: Մենք պետք է ԱՄՀ-ից վարկ ստանանք նորմալ  պայմաններով: Մենք չպետք է մեր մարդկանց նվաստացուցիչ պայմանների մեջ դնենք: Մենք պետք է համաձայնության գանք Եվրոպական հանձնաժողովի եւ ԵՄ-ի հետ՝ համաձայնագրին հարմարվելու մասին, մեզ համար ստանանք  լավ, ձեռնտու պայմաններ, եւ դրանից հետո միայն համաձայնագիր ստորագրենք», - ասել է Ազարովը՝«Ինտեր» հեռուստաալիքի  «Շուստերlive» հաղորդման եթերում:

Ընդ որում՝ վարչապետը հերթական անգամ ընդգծել է, որ եվրաինտեգրման ուղղությունն անփոփոխ է մնում: Ավելին, Ուկրաինայի կառավարությունն ամեն շաբաթ փաստաթղթեր է ընդունում՝ ուղղված Ուկրաինայի օրենսդրությունը եվրոպականին մոտեցնելուն: