Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Բազում գյուղի սկզբնամասում, հունվարի 8-ին, ժամը 15.30-ի սահմաններում, մեքենայի մեջ դիակ հայտնաբերվելու գործով ձերբակալված Արամ Ս.-ին կկալանավորեն երկամսյա ժամկետով: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ նա եւ սպանվածը մանկության ընկերներ են եղել, հաճախել են նույն դպրոցը: Արամ Ս.-ն ամուսնացած է, ունի 5 երեխա, չի աշխատում: Դեպքը տեղի է ունեցել Մհեր Գրիգորյանի «Պեժո» մեքենայում, Արամ Ս.-ն դանակահարել է ընկերոջը՝ կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության արդյունքում:

Իսկ թե ինչն էր նրան սպանելու պատճառը, տղամարդը իրավապահներին ասել է, թե Մհեր Գրիգորյանը իր կնոջ վրա աչք է դրել, այդ մասին նրան հայտնել էր կինը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 8-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչությունից Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին, մատուռի մոտ, ավտովթար է տեղի ունեցել:

Մեկնած օպերատիվ խումբը Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կլիոմետրին, ճամփեզրից դուրս, հայտնաբերել է «Պեժո» մակնիշի ավտոմեքենա, վարորդի նստելատեղին` 1977 թ. ծնված Մհեր Գրիգորյանի դիակը` կրծքավանդակի աջ մասի առաջնային մակերեսի և ձախ ազդրի շրջանի կտրած-ծակած վնասվածքներով: Նա նախկինում զինվորական է եղել, այժմ զբաղվում է բիզնեսով, Վանաձորում հացի փուռ, դեղատուն եւ խորտկարան ուներ: Մհեր Գրիգորյանը  ամուսնացած էր եւ ուներ երեք երեխա:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Գործի շրջանակներում բերման է ենթարկվել եւ ձերբակալվել սպանվածի մանկության ընկերը՝ 36-ամյա Արամ Ս.-ն: