News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարտի 16-ին լրանում է Հայկական ԽՍՀ Ժողովրդական ճարտարապետ, Ստալինի մրցանակի 2-րդ աստիճանի դափնեկիր, Երեւանի հանճարեղ հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի 138-ամյակը։ Ճարտարապետը ծնվել է 1878թ. Եկատերինոդարում, հիմա՝ Կրասնոդար։ 1904թ. ավարտել է Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիան։

Նրա քրոջ եւ ընկեր Եվգենի Շրետերի պատմելով՝ դեռեւս Ակադեմիայում ուսանելու տարիներին Թամանյանը, նայելով հնագույն հուշարձանների գծագրերն ու լուսանկարները, ցանկություն էր հայտնում աշխատել պատմական հայրենիքում։

Ճարտարապետական գործունեության 30 տարիների ընթացքում նրան հաջողվել է հետք թողնել ոչ միայն Երեւանի, այլ նաեւ Սանկտ Պետերբուրգի եւ Մոսկվայի պատմության մեջ։ Ռուսաստանում Թամանյանի աշխատանքներից հատկապես հայտնի են Մոսկվա քաղաքի Նովինսկի բուլվարի վրա Սերգեյ Շչերբատովի տունը (1911—1913), որն արժանացել էր Մոսկվայի լավագույն տուն կոչմանը, Վ.Ա. Սեմյոնովի եւ այլ ճարտարապետների հետ համատեղ երկաթուղիների ծառայողների Քաղաք-պարտեզի նախագիծը, այդ թվում՝ տուբերկուլյոզի սանատորիան եւ մերձմոսկվայում Պրոզորովսկայայի կայարանում (Կրատովո) երկաթբետոնե կամուրջը եւ Լյուբերցիում Կազանի երկաթուղային կենտրոնական դեպոն։

Ճարտարապետը  ջերմ հարաբերություններ էր պահպանում ոչ միայն ցեխի գործընկերների, այլեւ ժամանակակից գործիչների հետ։ Նրանցից ոմանց հետ նա նամակագրական կապ է ունեցել՝ կիսելով իր մտքերն ու ապրումները։

NEWS.am-ն ներկայացնում է ճարտարապետի եւ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի, ճարտարապետ Նիկոլայ Լանսերեի, իշխան Սերգեյ Շչերբատովի, երկաթուղային գործիչ Նիկոլայ ֆոն Մեկկի ու ճարտարապետ Ալեքսեյ Շչուսեւի միջեւ մինչ այժմ չհրապարակված նամակագրությունից որոշ հատվածներ:

Հարգելի՛ Կոլյա,

Մի մերժի՛ր խնդրանքս եւ ուղերձս ստանալուց հետո մտի՛ր հնավաճառ Կրուտիկովի խանութը (կարծես թե), այնտեղ բյուրեղապակյա ջահեր կան Empire (?) ոճով։ Արժե՞ դրանք գնել Ալեքսանդր 1-ի ժամանակներից մնացած՝ Կոստրոմայի Պալատական ժողովի հնագույն սրահի համար։ Պատասխանը հեռագրիր։

Համբուրում եմ, քո՝ Շուրա
Մայիս 1943թ.

Վլադիմիր Շչուկոն, Վասիլի Սոկոլովը, Ալեքսանդր Թամանյանը եւ Նիկոլայ Լանսերեն

Հարգելի՛ Ալեքսանդր Իվանովիչ,

Որքան երջանիկ եմ, որ Ձեր աշխատանքն արժանացել է Մոսկվայի բարցր գնահատականին։ Սեփականության բացարձակ որեւէ զգացումից անկախ, Ձեր տունը համարում եմ նոր Մոսկվայի ամենագեղեցիկ շինություններից մեկը։

Անկեղծ հարգանքներով՝ Ս. Շչերբատով
Զատիկ, Մոսկվա

Ալեքսանդր Թամանյանը՝ իշխան Սերգեյ Շչերբատովի հետ. ծաղրանկար

Հարգելի՛ Մարտիրոս Սերգեեւիչ,

«Հայաստանի մշակութային որդիների» պարտքի մասին Ձեր մտքերն ու զգացմունքները ինձ խորապես համակրելի են ու հարազատ։ Անտարակույս, Հայաստանում ստեղծագործական աշխատանքին պետք է գործուն մասնակցություն ունենան նրա բոլոր մշակութային որդիները։ Հանուն այդ գաղափարի՝ դեռ 1919թ. ես եկա Հայաստան։ Ես հույս ունեմ շուտով նորից աշխատել նրա համար։ Ուժերիս մնացորդները մեր ազգային մշակույթին նվիրաբերելուց բացի, ես այլ ցանկություն չունեմ։ 

Ա. Թամանյան
Թավրիզ
1922թ. փետրվարի 5

Հարգելի՛ Ալեքսանդր Իվանովիչ,

Երեք օր է՝ Վենետիկում եմ։ Սա յուրօրինակ ֆանտաստիկ քաղաք-թանգարան է, որը տարվա մեջ 8 ամիս կուրորտային կյանքով է ապրում, իսկ 4 ամիս ձմեռային քուն  մտնում՝ նոր սեզոնի սպասումով։ Հիմա այստեղ անգլիացիներ են եւ գերմանացիներ, այդ հավերժական ճանապարհորդները։ Առաջինները ժամանել են ըստ երեւույթին արեւի տակ տաքանալու եւ լողալու համար, իսկ երկրորդները՝ էժան կյանքի հետեւից, քանի որ այստեղ կյանքն ավելի էժան է, քան Գերմանիայում։ Նկարները սպասում ենք վաղը, ռուսական տաղավարը շատ փոքր է, իսկ նկարները՝ շատ, չգիտեմ, թե ինչպես է լինելու։ Շրջել եմ ցուցահանդեսով, շատ հետաքրքիր են իտալական, ֆրանսիական եւ բելգիական բաժինները, մնացածները թույլ են։

Ողջույններ էրիվանցիներին, ողջույններ Կամիլա Մատվեեւնային եւ երեխաներին։

Ձեր՝ Մ. Սարյան
1924 – 3/VI

Մարտիրոս Սարյանը, Ալեքսանդր Թամանյանը, Միքայել Մազմանյանը

Հարգելի՛ Ալեքսանդր Իվանովիչ,

Ճակատագրին հաճելի է լինելու մեզ թույլ տալ, որ փոքրիկ խրճիթ կառուցենք մեր սեփական բնակության համար։

Շատ ենք ուզում ապրել գեղեցիկ տան մեջ, այն էլ, այնպիսի տան, որը մշտապես կհիշեցներ մեզ մեր համատեղ աշխատանքի մասին եւ կգերեր գեղեցկությամբ, որին կձուլվի ավանում Ձեր ստեղծագործությունը։

Ամուր գրկում եմ Ձեզ
Անկեղծ Ձեր՝ Ն.Կ. Մեկկ
1/IX – 25

Ալեքսանդր Թամանյանը՝ կնոջ՝ Կամիլա Թամանյանի (Էդվարդս) հետ

Հարգելի՛ Ալեքսանդր Իվանովիչ,

Շատ շնորհակալ եմ ժամանելու հրավերի համար եւ խնդրում եմ ինձ նախապես տեղյակ պահել, թե երբ է պետք ժամանել։

Ուղարկում եմ Ձեզ «Իզվեստիայի» այսօրվա հատվածը, որտեղ Մարիետա Շահինյանն այնքան տաղանդավոր կերպով նկարագրել է Հայաստանն ու մասնավորապես Ձեզ։ 

Ձեր՝ Ա. Շչուսեւ
Մոսկվա, 6 հուլիսի, 1926թ.

Նամակները գործակալությանն է տրամադրել ճարտարապետի ծոռը՝ Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Թամանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ