ՌԴ ու Թուրքիայի վարչապետները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը։

ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Յըլդըրըմը Թուրքիայի կառավարության ու ժողովրդի ու անձամբ իր անունից ցավակցել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի մահվան կապակցությամբ։ Նշելով նրա մեծ ավանդը երկկողմանի հարաբերությունների զարգացման մեջ՝ Թուրքիայի վարչապետը հայտնել է, որ դեսպանի դեմ ահաբեկչություն կազմակերպողները նպատակ են հետապնդել ձախողել երկու երկրների համագործակցությունը, բարդացնել համատեղ ջանքերը տարածաշրջանային խնդիրների կարգավորման հարցում։ Մեդվեդեւը շեշտել է, որ  ահաբեկչության հետեւանքով դեսպանի սպանությունը արտակարգ իրավիճակ է միջազգային հարաբերություններում։ Նա Թուրքիայի կառավարությանը կոչ է արել անհապաղ ձեռնարկել սպառիչ ու բազմակողմանի միջոցառումներ այդ հանցագործության բոլոր կազմակերպիչներին, հովանավորներին ու ֆինանսավորողներին բացահայտելու ու պատժելու հ ամար։

Յըլդըրըմը Մեդվեդեւին տեղեկացրել է, որ Թուրքիայի իրավապահ մարմինները արդեն սկսել են քննչական միջոցառումներ ու գործելու են ռուս գործընկերների հետ կապ պահպանելով։ Նա խոստացել է Անդրեյ Կարլովի սպանության հետաքննությունն իր անձնական վերահսկողության տակ վերցնել։