Ես չեմ կարծում, որ այսօր այդպիսի պատեհություն կա, որ ընդդիմության կողմից պետք է վարչապետի թեկնածու առաջադրվի: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց քայլարշավով արդեն Երեւան հասած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե երբ են «Ելք»-ում քննարկելու վարչապետի թեկնածու առաջադրելու հարցը, Փաշինյանը պատասխանեց. «Պատեհ առիթով: Ես չեմ կարծում, որ այսօր այդպիսի պատեհություն կա, որ ընդդիմության կողմից պետք է վարչապետի թեկնածու լինի: Ես կարծում եմ, որ այդ հարցը քննարկելու ճիշտ ժամանակը ապրիլի 17-ին վարչապետի ընտրությունը կանխելուց հետո է: Մենք խնդիր ունենք՝ թույլ չտալ, որ այդ նիստը կայանա: Եթե մենք վարչապետի թեկնածու առաջադրենք, նշանակում է, որ մեն թեկնածուն նույնպես պետք է ներկա լինի, նշանակում է՝ նպաստում ենք, որ այդ նիստը կայանա: Այստեղ տրամաբանական հակասություն է առաջանում: Մեր խնդիրն է՝ այնպես անել, որ այդ նիստը չկայանա, որից հետո պետք է 7 օր հետո երկրորդ փուլը տեղի ունենա»:
Դիտարկմանը, որ «Ելք» խմբակցությունում Փաշինյանի կողմնակիցները փոքրամասնություն են, ի՞նչ կանի, եթե մյուս երկու ուժերը որոշեն վարչապետի թեկնածու առաջադրել, նա պատասխանեց. «Ես «Ելք» խմբակցության ղեկավարն եմ եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ուժերից մեկն է եւ որեւէ մեկը «Ելք» խմբակցության անունից չի կարող որոշում կայացնել առանց մեզ: Ես սա ուզում եմ ընդգծենք եւ շեշտենք մեկընդմիշտ: Առանց ՔՊ-ի «Ելք» դաշինքը չի կարող որոշում կայացնել»:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որը կավարտվի այսօր՝ ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներով: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին:



























