Վերջին ժամանակներս արձանագրվում են մտահոգիչ իրավիճակներ, երբ փաստաբանների նկատմամբ սոցիալական ցանցերում հնչում են վիրավորանքներ ու սպառնալիքներ նրանց կողմից հանրային բացասական վարկ կամ ընկալում ունեցող անձի շահերի պաշտպանություն իրականացնելու պատճառով: Այս մասին ասված է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) հայտարարությունում, որը տարածել է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը:
«ՄԻՊ աշխատակազմի դիտարկումը վկայում է, որ սոցիալական մեդիայի այն տիրույթներում, որոնցում հրապարակվել են այդ փաստաբանների դիրքորոշումները՝ կապված իրենց վստահորդներին վերագրվող ենթադրյալ հանցանքի կատարման մեջ նրանց անմեղության կամ առնչության հետ, ակնհայտ է փաստաբաններին վերաբերող ծաղրանքը, վիրավորանքը, ատելության խոսքն ու փաստաբանին ուղղված սպառնալիքները: Ընդ որում, ընդդիմախոսների կարծիքը հաճախ ընդհանրապես չի հանդուրժվում, իսկ հակադարձումները հաճախ մարդու արժանապատվությունը նվաստացնող են, իսկ առանձին դեպքերում՝ նույնիսկ ատելություն քարոզող:
Մարդու իրավունքների պաշտպանը սոցիալական ցանցերի օգտատերերին խնդրում է նկատի ունենալ, որ իրականում փաստաբանի մասնագիտական աշխատանքն արդարադատության գործընթացի անբաժան մասն է: Առանց այդ աշխատանքի հնարավոր չէ ունենալ իրական արդարադատություն, որ հիմնված է իրավունքի գերակայության վրա:
Ուստի, չափազանց կարևոր է հասարակությունում փաստաբանի աշխատանքի վերաբերյալ իրավական ճիշտ մշակույթի և ընկալումների արմատավորումն այն մասին, որ փաստաբանի գործունեությունն ուղղված է յուրաքանչյուրի իրավաբանական օգնության իրավունքի ապահովմանը, հնարավոր ապօրինի հետապնդումից կամ ապօրինի ազատազրկումից յուրաքանչյուրի պաշտպանությանը: Փաստաբանին պետք է վերաբերվել նրա օրինավորության ու բարեխղճության կանխավարկածով: Փաստաբանին չի կարելի նույնացնել վստահորդի հետ:
Ժողովրդավարական կարևոր արժեք է փաստաբանի հանրային հեղինակությունը: Այն ձեռք է բերվում փաստաբանի բարդ աշխատանքի շնորհիվ և դառնում կարևոր երաշխիք ոչ միայն նրա վստահորդի իրավունքների արդյունավետ պաշտպանության, այլև երկրում իրավապաշտպան աշխատանքի զարգացման անհրաժեշտ գրավական: Սա է իրավունքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական պետություն կայացնելու հիմնարար ցուցիչներից մեկը:
Այս հարցում կարևոր է նաև զանգվածային լրատվամիջոցների դերը: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր լրատվամիջոցներին հորդորում է հեռացնել վիրավորանք, ծաղրանք կամ ատելության խոսք պարունակող մեկնաբանությունները՝ անկախ նրանից դրանք արվում են առերևույթ կեղծ, թե իրական օգտատերերի կողմից»,- ասված է հաղորդագրությունում: