Հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի տներից մեկում, կա տուժած։ Այս տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության լրատվության բաժինը։

«Ժամը 18:28-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ռիժկովի փողոցում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Փրկարարները հրդեհի հետևանքով տուժած Ք. Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Նա հոսպիտալացվել է Գյումրիի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 19:03-ին, մարվել՝ 19:41-ին:

Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 20 քմ, գույքը և մասնակի` առաստաղը: