Աթենքում ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նիստի հայտարարությունը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ օգտակար է նախ եւ առաջ առ նրանով, որ կողմերին կոչ են անում պահպանել բանակցությունների «դրական դինամիկան»: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց վերլուծաբան Տիգրան Մկրտչյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների տարածած համատեղ հայտարարությունը:

Փորձագետը նշեց նաեւ, որ « հայկական կողմը եւ միջազգային հանրությունը արցախյան հակամարտության կարգավորումը հայ-թուրքական հարաբերություների կարգավորումից միանգամայն անկախ գործընթացներ են համարում: Թուրքական կողմը եւս այս կերպ է ներգրավվել հայ-թուրքական բանակցային գործընթացում: Սակայն, եթե արցախյան հակամարտության մեջ ինչ-որ դրական գործընթաց էական է համարվում թուրք պատգամավորներին արձանագրությունները վավերացնելու համար, ապա այդ փաստաթուղթը գոյություն ունի: Համենայն դեպս, անկախ հայկական կողմի կամքից, այս փաստաթուղթն օգտագործվելու է թուրք պատգամավորների կողմից՝ վավերացման գործընթացում»:

Ըստ Մկրտչյանի՝ ԵԱՀԿ խորհրդի վերոհիշյալ հայտարարության մյուս հետաքրքիր դրույթն այն է, որ հաստատվում են մի շարք սկզբունքներ, ինչպես ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների իրավահավասարությունը եւ ինքնորոշման իրավունքը, որպես հակամարտության կարգավորման հիմնական միջազգային իրավունքի նորմեր: «Անշուշտ անչափ կարեւոր է „ինքնորոշման իրավունքի“ հաստատումը: Բնական է, Ադրբեջանը այս սկզբունքը սելեկտիվ ընկալման է ենթարկում, այսինքն հասկացվում է, որ ինքնորոշումը միայն տարածքային ամբողջականության համատեքստում կարող է իրականանալ»,- նկատեց վերլուծաբանն ու հավելեց «Սակայն յուրաքանչյուր մարդ, ով ծանոթ է ինքնորոշման իրավունքին, շատ լավ գիտի, որ այս սկզբունքը բաց կիրառական է, այսինքն այդ համամարդկային նորմի կիրառումը կարող է հանգեցնել ցանկացած արդյունքի»:

Փորձագետի խոսքով, ամենեւին զարմանալի չէ, որ հայտարարության մեջ շեշտվում է տարածքային ամբողջականության սկզբունքը. «Զարմանալի կլիներ, եթե այն ընդհանրապես չհիշատակվեր»:

«Առավել հետաքրքիր է, թե երբ է Ադրբեջանն այս հայտարարության մեջ հիշատակվող ուժի սպառնալիքի չկիրառման դրույթը խախտելու եւ ինչպիսին կլինի բոլոր այն երկրների արձագանքը, որոնք ստորագրել են այն»,- ամփոփեց վերլուծաբանը: