«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ներկայումս «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող Նիկոլ Փաշինյանի՝ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատավարությանը դեկտեմբերի 4-ին դատարանն ավարտեց քր.գործում առկա տեսաերիզների հետազոտումը: Ընդ որում, ինչպես NEWS.am-ի հետ զրույցում պարզաբանեց Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը, տեսաերիզներում Փաշինյանի մեղքն ապացուցող որեւէ կադր չկար:

Կադրերից մեկում հստակ երեւում է, թե ինչպես է սկսվել 2008թ. մարտի 1-ին Երեւանի քաղաքապետարանի մոտ ոստիկանների եւ ցուցարարների բախումը. ոստիկաններից մեկը մահակով միտումնավոր հարվածեց քաղաքացիներից մեկին՝ ընդհարում հրահրելով, մինչդեռ ցուցարարների մի մասը փորձում էր հանդարտեցնել բախումը:

Իսկ Փաշինյանի՝ հրապարակված ելույթներում լսվում էր միայն, թե ինչպես է նա փորձում հանդարտեցնել լարված բազմությանը, ավելին, հայտարարում է, որ ցուցարարները թալանի հետ որեւէ կապ չունեն, «դրանք Ռոբերտ Քոչարյանի լակոտներն են»: Ի դեպ, կադրերից էլ անգամ պարզ դարձավ, որ այդ օրը տեսանկարահանում իրականացնող օպերատորներին հստակ հրահանգ է տրվել նկարել միայն Փաշինյանին, բայց բոլոր կադրերում նրա մեղքն ապացուցող հակաօրինական ոչինչ չկար:

Ի դեպ, 2008թ. մարտի 1-ի կադրերում Նիկոլ Փաշինյանը հրահանգում էր մարդկանց առաջ չգնալ եւ ընդհարման մեջ չմտնել ոստիկանության հետ: Ամենացնցողը, ըստ պաշտպանների, մեղադրող Կորյուն Փիլոյանի մեկնաբանությունն էր, թե "Փաշինյանը ցանկացել է այդ խոսքերով ազատվել հետագա պատասխանատվությունից: «Հետեւաբար ինքն էլ ընդունեց, որ տեսաերիզները արդարացնող ապացույցներ են, ոչ մեղադրող»,- նկատեցին պաշտպանները:

Տեսաերիզների դիտումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ միջնորդություն ունի անելու՝ նոր վկաների հարցաքննելու եւ գործում նոր ապացույցներ ներգրավելու մասին, եւ դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատական նիստը հետաձգեց մինչեւ դեկտեմբերի 7-ը: