ԵԱՀԿ համանախագահող երկրների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների դեկտեմբերի 1-ին տարածած հայտարարությունն «ահավոր բան է»: Դեկտեմբերի 4-ին «Հայացք» ակումբում նման տեսակետ է հայտնել Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա»,- նշել է Զուրաբյանն ու հավելել, որ, հանդիսանալով ԵԱՀԿ անդամ, Հայաստանը մշտապես օգտագործել է վետոյի իր իրավունքը՝ ոչ հայանպաստ զարգացումների դեպքում, իսկ «դեկտեմբերի 1-ի հայտարարությամբ, այսքան տարիների ամբողջ դիվանագիտական աշխատանքը պարզապես ջուրն ընկավ»: «Հիմա մեզ փորձում են խաբել եւ այնպիսի տպավորություն ստեղծել, որ փաստաթղթի մեջ նաեւ ներառված է ազգերի ինքնորոշման իրավունքը, մինչդեռ այդ փաստարկը ծիծաղելի է»,- նկատել է Զուրաբյանն ու հավելել, որ տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների միաժամանակ օգտագործումը նշանակում է, որ «ազգերի ինքնորոշման իրավունքը պետք է իրականացվի տարածքային ամբողջականության սկզբունքների շրջանակներում»: