Կյանքի 82-րդ տարում այսօր՝ դեկտեմբերի 4-ին, վախճանվել է ռուս հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Տիխոնովը, հայտնում է «Վեստի» հեռուստաալիքը։

Ինչպես ավելի վաղ էր հայտնվել, դերասանը դեռեւս շաբաթ օրը սրտամկանի կաթվածով տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ հաջորդ օրը ծանր վիրահատության էր ենթարկվել։

Չնայած վիրահատության հաջող ընթացքին՝ բժիշկները խուսափում էին կանխատեսումներ անել հետագա վիճակի մասին։ Դերասանն ավելի քան մեկ շաբաթ անցկացրել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում։

Վյաչեսլավ Տիխոնովը ծնվել է 1928թ. փետրվարի 8-ին Պավլովսկի Պոսադում։ 1950թ. գերազանցությամբ ավարտել է բուհը եւ աշխատանքի է ընդունվել կինոդերասանի թատրոն-ստուդիա։

Լեգենդար դերասանը խաղացել է «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Կապրենք մինչեւ երկուշաբթի», «Նրանք պայքարեցին հայրենիքի համար», «ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարել» ֆիլմերում։

«Կապրենք մինչեւ երկուշաբթի» ֆիլմում իր դերի համար նա 1970թ. պարգեւատրվել է Պետական մրցանակով, իսկ 1976թ. Պետական մրցանակի դափնեկիր է դարձել «Գարնան տասնյոթ ակնթարթ» ֆիլմում խաղալու համար։ 1980թ. Տիխոնովը Լենինյան մրցանակի դափնեկիր է դարձել «Սեւականջ, սպիտակ Բիմը» ֆիլմում կատարած դերի համար։