Հայաստանում գրեթե անհնար է երիտասարդների մասնակցությունը ձեռնարկատիրական գործունեությանը: Նման համոզմունք NEWS.am-ի թղթկացի հետ զրույցում հայտնեց «Հարկ վճարողների եւ գործարարների իրավունքների պաշտպանության» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Եսոյանը` նշելով, որ երիտասարդներին ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար պետության կողմից շահագրգռող նախադրյալներ չեն ստեղծվում: Ըստ նրա` պետությունը երիտասարդներին բիզնեսով զբաղվելու համար պետք է առաջին հերթին օրենքով արտոնություններ տրամադրի:
«Եթե նման արտոնություններ սահմանվեն, ապա վստահեցնում եմ, որ մեր մարզերի երիտասարդներն ավելի քիչ կմտածեն արտագնա աշխատանքի մեկնելու մասին»,- կարծիք հայտնեց ՀԿ նախագահը: Ըստ Ա. Եսոյանի` սեփական գործ սկսելու համար երիտասարդները հիմնականում բավարար ֆինանսական միջոցներ չեն ունենում, իսկ պետությունը համապատասխան վարկային եւ ֆինանսական միջոցներ չի նախատեսում նրանց մատչելի պայմաններով տրամադրելու համար: «Առեւտրային բանկերը, պետական եւ ոչ պետական վարկային կազմակերպությունները վարկեր տրամադրում են միայն կայացած ընկերություններին, այսինքն` գրեթե բացառվում է երիտասարդների կողմից ձեռնարկատիրական գործունեություն սկսելու համար միջոցների հայթհայթումը»,- փաստեց Եսոյանը` ավելացնելով, որ փաստորեն երիտասարդների համար գործարար դաշտում սեփական ուժերը փորձելու համար Հայաստանում գրեթե ոչ մի օժանդակության հնարավորություն չկա:
Իրավագետը նկատեց, որ Հայաստանում բացակայում է նաեւ գործարարների իրավունքների պաշտպանությունը կարգավորող առանձին օրենսդրությունը: «Հստակ եղանակեր եւ միջոցներ ամրագրված չկան, որոնց օգնությամբ գործարարները եւ ,հատկապես, մանր ու միջին ձեռնարկատերերը կարողանան պաշտպանել իրենց իրավունքները»,- նշեց Ա. Եսոյանը` ավելացնելով, որ Հայաստանում օր-օրի մեծանում է խոշոր ընկերթյունների ազդեցությունը շուկայում:
ՀԿ նախագահի խոսքով, այդ ընկերությունները իրենց տնտեսական ազդեցությունը մեծացնելու համար ներգրավում են մեծածավալ ֆինանասկան նաեւ վարչական միջոցներ: «Որոշ խոշոր ընկերություններ պատկանում են տարբեր պաշտոնյաների կամ նրանց հարազատներին, որոնք բնականաբար օգտագործում են իրենց վարչական հնարավորությունները՝ բիզնեսն ընդլայնելու եւ պաշտպանելու համար»,- նշեց նա` ավելացնելով, որ մանր եւ միջին ձեռնարկատիրության շահերը պաշտպանելու համար անհրաժեշտ է, որ օրենսդրական բարեփոխումներ լինեն:



























