Գրիպի համաճարակը կանխարգելելու նպատակով ՀՀ իշխանությունները մտադիր են փակել դպրոցները, սակայն ընդամենը մեկ շաբաթով։ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ վերջնական որոշում այս առումով կկայացվի առողջապահության եւ կրթության ու գիտության նախարարների՝ երկրի վարչապետի հետ հանդիպումից հետո։ Ամենայն հավանականությամբ, դպրոցները կփակվեն վաղվանից։ Դեկտեմբերի 15-ին աշակերտները կրկին կվերադառնան դպրոցներ եւ դասերը կշարունակեն մինչեւ դեկտեմբերի 25-ը, այսինքն՝ մինչեւ ձմեռային արձակուրդների սկսվելը։
Արժե նշել, որ Հայաստանում սեզոնային գրիպի պատճառով երեք մարդ է մահացել։ Մի կին եւ մի տղամարդ մահացել են «Էրեբունի», մեկ այլ տղամարդ՝ «Արմենիա» բժշկական կենտրոններում։
Իսկ «խոզի գրիպով» վարակվածների թիվը Հայաստանում հասել է 32 հոգու։




























