Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, մեկնարկում է թիվ 10 ընտրատարածքի պատգամավորության թեկնածուների քարոզարշավը։ Ընտրությունները տեղի կունենան հունվարի 10-ին։ Թեկնածուների թվում են՝ Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը եւ «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը։ Դեկտեմբերի 5-ից որպես պատգամավորության թեկնածու գրանցվել է «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ով մեղադրվում է 2008թ. մարտի 1-ի զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։
Ավելի վաղ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ այն դեպքում, եթե Փաշինյանին գրանցեն, ինքը, վերջինիս օգտին, կհանի իր թեկնածությունը։
Հիշեցնենք, որ №10 ընտրատարածքում պատգամավորական պաշտոնը թափուր է մնացել ընդդիմադիրների համախոհ, հայտնի ձեռնարկատեր Խաչատուր Սուքիասյանի՝ այդ պաշտոնից հրաժարվելու հետեւանքով։
ՀՀ օրենսդրության համաձայն՝ անազատության մեջ գտնվող մարդը, գրանցման դեպքում, անձեռնմխելիություն է ստանում եւ պետք է ազատ արձակվի։ Սակայն օրենքը նախատեսում է, որ դա պետք է տեղի ունենա ԿԸՀ-ի համաձայնությամբ։ Հակառակ դեպքում Փաշինյանը ստիպված կլինի քարոզարշավն իրականացնել վստահված անձանց միջոցով։




























